1000х90.jpg (78 KB)

Հայաստանի շենքերը կունենան անձնագրեր. Քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է

Armenpress 08:30, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն: Նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման գործընթաց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է, ներկայում իրավական կարգավորումների փուլն է: Գործընթացի մանրամասները «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

-Տիկին Արզումանյան, բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման ծրագիրն ի՞նչ նպատակ ունի և գործընթացն իրականացնելուց հետո մենք ի՞նչ ինֆորմացիայի ենք տիրապետելու:

-Նախ ասեմ, թե ինչու է այս գործընթացը պետք: Շենքերի անձնագրավորումը մեզ օդի ու ջրի նման անհրաժեշտ է: Այսօր հանրապետությունում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն: Ի՞նչ վիճակում են դրանք, ի՞նչ մաշվածության են, ինչպիսի՞ ընթացիկ նորոգումներ են կատարվել, կյանքի տևողության ի՞նչ փուլում են գտնվում և այլն: Նման հարցերի պատասխան չունենք: Այսինքն՝ շենքերի վերաբերյալ ընդհանուր, համալիր մեկ պատկեր չունենք: Փոխարենն ունենք ահազանգեր, որ այս կամ այն շենքը քանդման եզրին է, սողանքային իրավիճակ է, հարակից շենքերը վնասվել են և այլն: Սարի թաղի տների օրինակը: Բնակիչներն ահազանգեցին, ու պարզվեց, որ այդ տեղանքի համար մենք ամբողջական պատկեր չունենք: Չգիտենք, թե ընդհանուր այդ թաղամասում ինչ վիճակ է: Եթե չկա ընդհանուր պատկեր, հետևաբար բարդանում են նաև հասցեական լուծումները: Այսինքն՝ այսօր կարող ենք ասել, որ խնդիրներին իրավիճակային լուծում է տրվում, այնինչ՝ պետական քաղաքականությունն ահազանգային չպետք է լինի: Պետք է ունենանք շենքերի վիճակի համալիր պատկեր, որ, ըստ անվտանգության առաջնահերթությունների, ծրագրեր մշակվեն:

-Ասացիք, որ շենքերի վիճակի վերաբերյալ չունենք ընդհանուր պատկեր: Իսկ ինչո՞ւ չունենք: Արդյո՞ք այս ընթացքում որևէ աշխատանք չի տարվել:

-Իհարկե, աշխատանքներ տարվել են: Անձնագրավորման մեթոդական ցուցումները դեռ տարիներ առաջ եղել են, իրավական որոշ կարգավորումներ կան: Ինչո՞ւ գործընթացն առաջ չի գնացել: Անձնագրավորման հիմնական բաղադրիչը, որից բխում են մնացածները, շենքի տեխնիկական վիճակն է: Շենքի տեխնիկական զննությունը լիցենզավորված գործունեություն է, և իրականացնում է լիցենզավորված կազմակերպության կողմից, պայմանագրային հիմունքներով, այսինքն ՝ վճարովի: Այդ աշխատանքները պետք է անեն շենքերի սեփականատերերը, առնվազն տասը տարին մեկ անգամ, որպեսզի արձանագրվի շենքի դինամիկան: Քանի որ դա վճարովի է, իսկ շենքերի սեփականատերերը՝ բնակիչները, իրենց իրավունքների ու պարտականությունների իրացման առումով բավական պասիվ են, հետևաբար գործն առաջ չի գնացել: Ի դեպ, ասեմ, որ շենքի տեխնիկական զննությունը մեծ ծախս չէ, եթե բաժանում ես շենքի բնակիչների միջև, ու դա արվում է 10 տարին մեկ, ապա կարող ենք տեսնել խոսքը մեծ գումարի մասին չէ:

-Փաստորեն շենքերի անձնագրավորման գործընթացին նոր շունչ է հաղորդվում: Ներկայում ի՞նչ է արվում և արդյոք իրավակարգավորման գործընթացում նոր բաղադրիչներ են ավելացել:

-Մենք գիտենք, որ մեր շենքերը հին են, մեծ մասը մինչև Սպիտակի երկրաշարժն է կառուցվել, իսկ չունենք համալիր ինֆորմացիա, թե որտեղ կան հրատապ լուծումներ պահանջող շենքեր: Իհարկե, որոշակի ունենք, բայց  հստակ, համապարփակ, համալիր տեղեկություն չունենք: Հիմա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ մշակվել են բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրերի օրինակելի ձեւերի նախագծեր: Դրանք ներկայացրել ենք շահագրգիռ կողմերի քննարկմանը: Ասեմ, որ ուսումնասիրել ենք աշխարհի փորձը, և մենք շենքերի անձնագրավորումը պատկերացնում ենք հետևյալ կերպ. շենքի անձնագիրը չի ունենալու տեղեկություն միայն տեխնիկական վիճակի մասին, շենքն ունենալու է անձնագիր իր ներդիրներով՝ սեյսմիկ հարցեր, էներգետիկ ցուցանիշներ, տեխնիկական հարցեր, սանիտարական վիճակ, վերելակների հետ կապված տվյալներ: Այդ ամենը պետք է հավաքագրվի տեխնիկական բազայում, որը կլինի էլեկտրոնային, և պարբերաբար թարմացնելու հնարավորություն կունենա: Եթե առաջին օղակում ինֆորմացիան մուտքագրվի, ապա ավտոմատ կերպով մյուս բոլոր օղակների համար այն տեսանելի կլինի: Ի՞նչ կտա անձնագրավորումը: Այն մեզ կտա համալիր պատկեր ունենալ հանրապետության շենքերի մասին: Դա էլ իր հերթին հնարավորություն կտա պետական միջոցները ծախսել արդյունավետ, հասցեական՝ թիրախները ճիշտ ընտրելով:

-Նախագծերի հավանության արժանանալուց հետո ի՞նչ գործընթաց է սպասվում, ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

-Նախ ասեմ, որ նախագծերը դեռ կխմբագրվեն, տարբեր շահագրգիռ կողմերից հետաքրքիր առաջարկություններ ենք ստացել: Վերջնական տեսքի բերելուց հետո մենք այն արդեն պաշտոնապես կշրջանառենք:  Դրա հիման վրա հետագայում կմշակվի անձնագրավորման կարգը: Ի դեպ, ուզում եմ նշել, որ շենքերի վերաբերյալ ստացված տվյալները միայն քաղաքաշինական խնդիրներ չեն լուծելու: Օրինակ, ես տուն եմ ցանկանում գնել, կարող եմ ծանոթանալ շենքի անձնագրին, առկա վիճակին, էներգախնայողության հարցերին և այլն:

-Այսինքն՝ շենքերի վերաբերյալ տեղեկությունները հավաքագրած էլեկտրոնային բազան հասանելի կլինի նաև քաղաքացիների համար:

-Մասնակի այո: Քանի որ անվտանգության խնդիր կա, հասկանալի պատճառներով տվյալներն ամբողջությամբ բաց չեն դրվի:

-Փաստորեն ծրագիրն իրավակարգավորման առումով արդեն սկսված է, իսկ անձնագրավորման գործնական փուլը ե՞րբ կլինի, և ինչպե՞ս է այն արվելու:

-Շենքերի անձնագրավորման գործողությունը համատարած չի կարող սկսվել: Կարծում ենք կներդրվի փուլային տարբերակով: Սկզբում նորակառույցների դեպքում կլինի պարտադիր, և տվյալները կմուտքագրվեն բազա: Մնացածի դեպքում փուլային կլինի: Անձնագրավորման գործընթացը պատվիրողը, կազմակերպողը պետք է լինի շենքի կառավարման մարմինը:

-Շենքերի կառավարման մարմինները հիմնականում համատիրություններն են: Որքանո՞վ են այս մարմինները պատրաստ նման գործընթացի:

-Անձնագրավորման աշխատանքները կազմակերպելու համար մենք ունենք կառավարման մարմինների ունակությունների զգալի բաց, եթե չասեմ, բացակայություն: Այսօր ունենք օրինակելի համատիրություններ, բայց ունենք դրա հակառակը: Այնպես որ կարող է լինել դեպք, երբ կառավարման մարմինն ի վիճակի չլինի կազմակերպել անձնագրավորման գործընթացը: Ստացվում է՝ շենքի մասին տվյալներ ստանալը դեռ քիչ է: Պետք է ունենանք պատշաճ կառավարման մարմիններ, որ այդ տվյալները ճիշտ օգտագործեն: Այսօր մենք պատվիրել ենք շենքերի պահպանման կանոնների մշակում, որպեսզի պարզ լինի, թե որն է համարվում շենքի պատշաճ վիճակ: Պետք է իրականացվի նաև շենքի կառավարիչների վերապատրաստման գործընթաց: Վերապատրաստելու ենք համատիրությունների անձնակազմին, նոր գիտելիքներ ենք հաղորդելու, որ կարողանան ճիշտ կառավարել, ինֆորմացիային ճիշտ տիրապետել: Այն մարդկանց աշխատանքի որակը պետք է բարձրացնել, ովքեր շենքերի կառավարման գործընթացում են:

-Շենքերի անձնագրավորման գործընթացի ֆինանսավորումն ինչպե՞ս է կատարվելու: Միայն սեփականատերե՞րն են անելու:

-Ոչ, միայն շենքերի սեփականատերերը չեն կարող կրող դա անել կամ գոնե պատրաստ չեն լինի: Անպայման այստեղ խնդիր կառաջանա պետական միջամտության, կամ այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն կլինի: Եթե թողնենք միայն բնակիչների վրա, ապա գործընթացը առաջ չի գնա:  Ֆինանսականը հենց այն պատճառներից է, որ գնում ենք գործընթացի փուլ առ փուլ իրականացմանը:

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am