Գեղամ Գևորգյանը կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հարցերը


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն խորհրդակցություն  է հրավիրել կաթ վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ոլորտի զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Տիգրան Գաբրիելյանը, ՀԱԱՀ պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Լարի» պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

«Մեր նպատակն է  հանրապետությունում կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտների զարգացումը, տեղական ընկերությունների  մրցունակության խրախուսումը,  հետևապես մշտապես պատրաստակամ ենք քննարկել և հնարավորինս օպերատիվ լուծումներ տալ բարձրացված հարցերին, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանն ու աճին։ Կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ պետությունը, բիզնեսը և արտադրողները պետք է նույն լեզվով խոսեն»,-ողջունելով ներկաներին՝ մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։

Նա հավելել է, որ արձագանքելով կաթ վերամշակողների  հորդորներին՝ նախարարության առաջարկությամբ օրերս փոփոխություններ են կատարվել պետական օժանդակության ծրագրերում, մասնավորապես կաթնամթերք արտադրողներն այս տարվանից կարող են  էժան ֆինանսական ռեսուրս ձեռք բերել՝ օգտվելով տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով մթերման վարկերից, ինչը էականորեն կբարելավի նրանց ֆինանսական կայունությունը, ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրի շրջանակում նրանք հնարավորություն ունեն գնել կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ։ Բացի այդ, մշակվել և նախարարության կայքէջում հրապարակվել է կաթի գնման պայմանագրի օրինակելի ձև, ըստ որի կաթի մթերումը և  գնագոյացումը պետք է կատարվի ըստ տեսակների, ինչը հնարավորություն կտա խթանել բարձրորակ կաթի արտադրությունը,  միաժամանակ մշակվել է կաթի արտադրության ոլորտի խթանման համալիր ծրագիր,  օրակարգում է կաթնամթերքի մակնշումների կարգավորման հարցի լուծումը, որին առաջիկայում նույնպես անդրադարձ կկատարվի։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև շուկայում կաթի մթերման գնային տատանումներին, դրանց վերաբերյալ վերամշակողների կողմից ներկայացված պարզաբանումներին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am