Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Armenpress 17:30, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության հեռանկարներին և ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես` քննարկվել է գործընկերության ընթացիկ տարվա ռազմավարությունը և հետագա ծրագրերի իրականացման ոլորտները:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են, և կառավարության ծրագրում սահմանված ուղենիշերն ու առաջնահերթությունները թույլ են տալիս ակնկալել առավել բարձր արդյունքներ:

ԱԶԲ ներկայացուցիչն ընդգծել է, որ բանկի հետ փոխգործակցությունը նպատակային ծրագրերի և փորձի փոխանակման շրջանակներում կնպաստի բարեփոխումների իրականացմանը և կարողությունների զարգացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am