Փոխվարչապետը Երևանում կանաչ տարածքների վերականգնման քաղաքականության շարունակականության անհրաժեշտություն է տեսնում

Armenpress 12:36, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևանում Օպերային թատրոնի շրջակայքի կանաչ տարածքների վերականգնման նպատակով սրճարանների ապամոնտաժման գործընթացի նկատմամբ հասարակության արձագանքը ադեկվատ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ քաղաքապետարանի այդ քաղաքականությունը պետք է շարունակական լինի:

«Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է այդ որոշմանը: Դա ընդհանուր թիմային որոշում է: Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է: Համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը քաղաքապետարանի կողմից պետք է շարունակական լինի, որովհետև խոսքը մայրաքաղաք Երևանի կենտրոնի մասին է »,-ասաց Ավինյանը: Նա շեշտեց, որ ոչ մի արտոնյալ չի լինելու:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ էր ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսավարողի, որ, համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը սկսել էր այդ սրճարանների ապամոնտաժման աշխատանքը: Այն հարուցել էր սրճարանների աշխատակիցների դժգոհությունը:  Մարտի 14-ին նրանք փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը: Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվել էր ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը: Ոստիկանության գործողությունների ընթացքում լարվածություն էր առաջացել, քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ էր սկսվել, ինչի հետևանքով տուժել էին ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցված են, նշանակվել է ծառայողական քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am