1000х90.jpg (78 KB)

ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Armenpress 10:56, 17 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Խորհրդարանի ղեկավարը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Արմեն Մուրադյանի եւ տնօրինության ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, որը հագեցած է գերժամանակակից մասնագիտական սարքավորումներով եւ տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շրջայց կատարելով կենտրոնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, պարաֆինային, կինեզոլոգիական, էլեկտրական թերապիաների սենյակներում, որտեղ ժամանակակից սարքավորումների օգնությամբ վերականգնողական բուժում են ստանում վիրավորում ստացած մեր զինվորներն ու զինվորականները` ԱԺ նախագահը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ գործունեությանը եւ հետագա ծրագրերին:

Արարատ Միրզոյանը, նշելով, որ չափազանց տպավորված է, ասել է. «Կենտրոնի սարքավորումներով հագեցվածությունը նույնիսկ ամենաբծախնդիր քննադատներին կարող է բավարարել»: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ նմանօրինակ հաստատությունը պատիվ կարող է բերել ցանկացած, հատկապես Հայաստանի նման յուրօրինակ անվտանգային համակարգ ունեցող երկրի համար: Աժ նախագահի գնահատմամբ` կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացումը պահանջված եւ հաջողված է:

Խորհրդարանի ղեկավարը թեյի սեղանի շուրջ զրուցել է կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ եւ պատրաստակամություն հայտնել քննարկել այն օրենսդրական բացերը, որոնք մատնանշվել են շրջայցի ընթացքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am