Նոր Զելանդիայի վարչապետը հանդիպել է ահաբեկչությունից տուժածներին և զոհվածների ընտանիքներին

Armenpress 16:27, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այցելել է Քրայսթչերչ քաղաք, որտեղ մարտի 15-ին տեղի էր ունեցել 50 մարդու կյանք խլած ահաբեկչությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարչապետը եղել է հիվանդանոցներում, հանդիպել ահաբեկչությունից տուժած անձանց և մահացածների ընտանիքների հետ: Զոհերի ընտանիքներին վճարվելու է փոխհատուցում:

Վարչապետը հանդիպել է ոստիկանների հետ: Նշվում է, որ ոստիկանները Նոր Զելանդիայում հսկելու են եկեղեցիներն այնքան ժամանակ, քանի դեռ վտանգը չի անցել:

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի է ունեցել հրաձգություն, որը երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը ահաբեկչական գործողություն է անվանել: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա:

Ահաբեկչության հետևանքով մահացել է 50 մարդ, վիրավորվել՝ մոտ 50-ը: Վիրավորներից 12-ը, այդ թվում և երեխաներ, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:

Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը և ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 500 մարդ: Դրանից հետո կրակոցներ են հնչել:

Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am