Գեղարքունիքում «Հայկական Կարիտաս»-ը կաջակցի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը


ԳԱՎԱՌ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը համայքների կողմից կմասնակցի նաեւ «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Այս մասին հաստատեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ համայնքային զարգացման եւ աղետների ռիսկեր կառավարման ուղղության պատասխանատու Զառա Աղանյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման սկզբում Զառա Աղանյանը մարզպետին ներկայացրեց «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության շրջանակներն ու նպատակները, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու մարզերում ու Երեւանում իրականացվող ծրագրերի բովանդակությունը, առաջիկա անելիքները:

«Մեր հիմնական շահառուները սոցիալապես անապահով խմբերն են, միայնակ ծերերը, սահմանամերձ կամ փախստականներով բնակեցված համայնքների բնակիչները: Գեղարքունիքի մարզում էլ մեր կազմակերպությունն իրականացնում է սոցիալական բնույթի ծրագրեր՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկատերերի, բնակչության ակտիվ հատվածի հետ: Այս տարի մենք Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի շարքում ավելացնելու ենք նոր ծրագրեր սահմանամերձ ու փախստականներով բնակեցված համայնքներում՝ նպատակ ունենալով նպաստել տեղի բնակչության համար կենսական նշանակության խնդիրների լուծմանը: Դրա համար որոշել ենք աջակցություն ցուցաբերել համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ կատարելով այն անհրաժեշտ ներդրումը, որը պահանջվում է համայնքապետարանից տվյալ ծրագրի իրականացման համար: Բայց մինչ այդ մենք պետք է ունենանք լավ ծրագրի գաղափարը եւ այն թիմը, որի հետ պետք է համագործակցենք:

Ներկայացված ծրագրերը պետք է լինեն տնտեսապես հիմնավորված ու արդարացված: Կարծում եմ, որ մեր աջակցությունը մեծապես կխթանի սուբվենցիոն ծրագրերի ցանկի ընդարձակմանը, խոցելի համայնքներում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Բայց մեր աջակցության ծրագրերի ներդրումը պահանջում է սերտ ու մշտական համագործակցություն Գեղարքունիքի մարզպետարանի հետ: Ցանկալի է, որ այն ընթանա գրավոր պայմանավորվածության արդյունքում»,-ներկայացրեց Զառա Աղանյանը: Մարզպետ Գնել Սանոսյանը, ողջունելով «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցչի առաջարկը, հավաստեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստ է լայն համագործակցության ու պահանջվող աջակցության ցուցաբերման:

«Նախորդ տարի մեր մարզում իրականացվեց սուբվենցիոն 43 ծրագիր, որն ամենամեծ ցուցանիշն էր Հայաստանի մարզերի մեջ: Այս տարի արդեն կառավարության հաստատմանն ենք ներկայացրել 100-ից ավելի սուբվենցիոն ծրագիր: Եթե ձեր կազմակերպությունն էլ ցուցաբերի պահանջվող աջակցությունը, ապա մենք կունենանք շատ ավելի լավ արդյունքներ, շատ ավելի տեսանելի աշխատանք, ինչը կբերի խոցելի համայնքների բնակչության կարիքների բարելավման, նոր աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման: Մենք առաջիկայում կստորագրենք համագործակցության հուշագիրը, սակայն այս պահից սկսած կարող ենք միասին աշխատել առաջ քաշված ցանկացած հարցի ուղղությամբ՝ համատեղելով մեր գործունեությունը նույն նպատակների շուրջ»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am