Հայաստանի և Բելառուսի ԱԳՆ-ներն անցկացրել են  համաեվրոպական թեմատիկայով  խորհրդակցություններ

Armenpress 20:40, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 15-ին կայացել են Հայաստանի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ համաեվրոպական թեմատիկայով։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Սամվելյանը, իսկ ԲՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով գլխավոր վարչության պետ Անդրեյ Բուշիլոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ և ԲՀ-ԵՄ երկկողմ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օրակարգերը, մասնավորապես, անդրադարձ են կատարել ԵՄ-ի հետ ինչպես արդեն կնքված, այնպես էլ դեռևս բանակցվող համաձայնագրերին, առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ թարմացված վիճակագրությանը։

Զրուցակիցները քննարկել են նաև ԵՄ Արևելյան գործընկերության տասնամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝ մտքեր փոխանակելով նաև Հայաստանում և Բելառուսում ԱլԳ շրջանակներում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։

Այնուհետև կողմերն անդրադարձել են հայ-բելառուսական համագործակցությանը միջազգային կազմակերպությունների՝ հատկապես, ԵԱՀԿ և ԵԽ շրջանակներում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։

Խորհրդակցությունների ավարտին բելառուսական կողմը հայկական կողմին հրավիրել է Բելառուս՝ միջգերատեսչական խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնելու նպատակով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am