Ամսական 100 հազար և ավելի դրամ վարկ վճարողներն արդյոք պետք է զրկվեն նպաստից. վարչապետը հարց է ուղղել քաղաքացիներին

Armenpress 19:24, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել, թե արդյոք 11281 նպաստառու ՀՀ քաղաքացիները, ովքեր ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ են փակում, պետք է զրկվեն նպաստից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը հարցը հղել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում: Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն:

Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:

Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»,- գրել է Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am