ՌԴ ԱԳՆ խոսնակը վերահաստատել է Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամությունը

Armenpress 19:04, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը միշտ պատրաստակամ է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլի 5-ին կայանալիք ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանը, կողմերի ցանկության դեպքում, նման հարթակ կտրամադրի:

«Երբ կողմերը տարբեր հարցերով դիմում են ՌԴ-ին՝ նման հարթակ ստանալու համար, Մոսկվան միշտ հարգանքով դիտարկում է այդ դիմումները»,- նշել է Զախարովան:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում, հունվարի 16-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am