Ռովշան Ասկերովին երբեք չի արգելվել գալ Հայաստան. Տիգրան Քոչարյանի արձագանքը գիտակի հայտարարությանը

Armenpress 19:00, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի՝ ազգությամբ ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովին երբևէ չի արգելվել մուտք գործել Հայաստան խաղի առաջնությունների շրջանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ  Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով գիտակի արած հայտարարությանը, թե նրա մուտքը Հայաստան արգելվում է:

«Երբևէ Ռովշան Ասկերովին չի արգելվել մուտք գործել Հայաստան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի շրջանակում: Վերջին երեք տարվա մեջ մենք 2 անգամ Հայաստանում աշխարհի առաջնություն ենք անցկացրել, և մասնակցել են գիտակներ 20-ից ավելի երկրներից: Մենք խնդիր չենք տեսնում նաև Ադրբեջանի մասնակցության առումով: Երբեք չեն եղել ինչ-որ տեքստեր, որ ադրբեջանցիները չպետք է գան մեր երկիր, այլ խնդիր է, որ այն ադրբեջանցիները, ովքեր գալիս են Հայաստան, այնուհետև խնդիր են ունենում իրենց երկրի իրավապահ մարմինների հետ»,- ասաց Քոչարյանը:

Ասկերովն իր հայտարարության մեջ ասել էր նաև, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչը զարմանալի էր «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահի համար:

«Ինձ համար զարմանալի էր իմանալ, որ Ասկերովը Ռուսաստանի քաղաքացի է: Բավականին երկար ժամանակ ինքն իրեն ներկայացնում էր որպես Ադրբեջանի քաղաքացի և միշտ հանդես էր գալիս ադրբեջանական շահերի պաշտպանի դերում»,- նկատեց Քոչարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am