1000х90.jpg (78 KB)

Ֆինլանդիայի դեսպանը հայտնել է ՀՀ ՄԻՊ-ի հետ համագործակցության շրջանակն ընդլայնելու պատրաստակամություն

Armenpress 18:44, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման պայմանները, կանանց և  երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Պաշտպանի աշխատակազմի գործունեությանը՝ կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության հետ:

Կողմերը քննարկել են նաև Ֆինլանդիայի աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի իրականացրած նախադպրոցական, ինչպես նաև հանրակրթական, երեխայի խնամք իրականացնող հաստատություններում ջրի հասանելիության և սանիտարական պայմանների մշտադիտարկման արդյունքները:

Դեսպան Արյա Մակոնեն շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հայտնել համագործակցության շրջանակն ընդլայնելու պատրաստակամություն

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am