1000х90.jpg (78 KB)

Երևանում մեծարեցին իրանցի մեծանուն գրող Փարվին Էթեսամիին

Armenpress 18:16, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը իրանական գրականության մեծանուն գրող Փարվին Էթեսամիին մեծարեց նրան նվիրված միջոցառմամբ, որն անցկացվեց մարտի 15-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Սիրում եմ տարբեր ժողովուրդների գրականություն ընթերցել, բայց պետք է խոստովանեմ, որ Փարվին Էթեսամիի մասին միայն վերջերս եմ լսել: Դա պայմանավորված էր նրանով, որ խորությամբ չէի ուսումնասիրել դաշտը և  այն հանգամանքով, որ թարգմանական գրականությունը սակավ է: Կարծում եմ` այսպիսի հանդիպումները լավ առիթ են այդ բացերը լրացնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Անդրադառնալով գրադարանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան բարեկամությանը` նա շեշտեց, որ իրենց համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Գրադարանի ֆոնդի առաջին պարսկերեն գրքերը տրամադրել է դեսպանատունը:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին ընդգծեց, որ Փարվին Էթեսամին պարսից գրականության խոշոր դեմքերից է: «Նա  մեր գրականության ամենափայլուն կին ներկայացուցիչներից է. մեր գրականությունում կին ստեղծագործողները քիչ չեն, բայց Էթեսամին տարբերվում է բոլորից: Էթեսամիի ընկերներից մեկը, բնութագրելով նրան, ասել է, որ Փարվինը բարոյական  բարձր արժեքների տեր, հարուստ հոգևոր ներաշխարհով, ընկերասեր, հավատարիմ ու համեստ անձնավորություն էր, մարդ, որը քիչ խոսում էր, շատ մտածում»,-ներկայացրեց խորհրդականը և պատմեց, որ գրողն անդրադարձել է իրանական հասարակությունում կանանց դերին, կրթությանը` նշելով, որ արևելքի ծանր հիվանդության միակ բուժումը երկարատև ու ճիշտ կրթությունը, դաստիարակությունն են:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով`  Փարվին Էթեսամին այն ցուցիչն է, չափորոշիչը, որը ցույց է տալիս, թե ինչպիսի  արժեք ունի կինն իրանական հասարակությունում:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` նա շեշտեց, որ Հայաստանն իրանական մշակույթի պահպանման համար ինչ-որ տեղ թանգարան է, որովհետև ժամանակին հայերը յուրացրել ու ադապտացրել, նորովի են  ներկայացրել իրանական մշակութային բազմաթիվ տարրեր, որոնք այսօր անգամ Իրանում չեն պահպանվել:

Միջոցառումը նախաձեռնել էին ԵՊՀ իրանագիտության ամբիոնը և ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը:

Փարվին Էթեսամին ծնվել է 1907 թվականին Թավրիզում: Փարվինի մոտ դեռևս յոթ կամ ութ տարեկանում ի հայտ են գալիս բանաստեղծական ընդունակություններ. հայրը պաշտպանում և քաջալերում էր նրան: Հոր ղեկավարությամբ Փարվինն ուսումնասիրում է պարսկական և արաբական լեզվով դասական գրական ժառանգությունը: 1921-1922 թվականներին պարսկական Բախար (Գարուն) ամսագրում լույս է տեսնում նրա վաղ շրջանի մի քանի բանաստեղծություն: 156 բանաստեղծությունից բաղկացած նրա առաջին գիրքը հրատարակվել է 1935 թվականին: Նրա ստեղծագործությունների երկրորդ հրատարակությունը լույս է տեսել Փարվինի մահից հետո 1941 թվականին: Այն բաղկացած էր 209 տարբեր ոճի և ձևի ստեղծագործությունից: Իր կարճ կյանքի ընթացքում Փարվինը մեծ ճանաչում ունեցավ իրանցիների շրջանում: Փարվինի պոեզիան իր ձևով և բովանդակությամբ շարունակում էր պարսկական դասական գրականության ավանդույթները: Նա անտեսում էր իրանական պոեզիայում մոդեռնիստական միտումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am