Լուիզ Մուշիկիվաբոն հայկական կողմին շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար

Armenpress 18:01, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ Ռումինիայի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են գտնվել ռումինացի բարձրաստիճան պաշտոնյաներ, Բուխարեստում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը մաս էր կազմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) Ռումինիա կատարած պաշտոնական այցի:

Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն (Teodor Meleșcanu) իր բացման խոսքում հատուկ անդրադարձել է 2018թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովին՝ մասնավորապես նշելով գագաթաժողովի աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակը և արդյունավետությունը:

Միջոցառման ժամանակ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը կարճ առանձնազրույց է ունեցել գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, որի ընթացքում տիկին Մուշիկիվաբոն կրկին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար՝ հույս հայտնելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունն առավել կխորանա:

Շնորհակալություն հայտնելով տիկին Մուշիկիվաբոյին և Ռումինիայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի (BRECO) պատասխանատուներին սերտ համագործակցության համար՝ Սերգեյ Մինասյանը վստահեցրել է գլխավոր քարտուղարին, որ դեսպանությունը շարունակելու է ակտիվորեն աշխատել Ռումինիայում գործող ֆրանկոֆոն կառույցների հետ՝ ի նպաստ ֆրանկոֆոն ընտանիքի ազդեցության առավել ամրապնդման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am