Դատախազությունը բողոքարկել է Առողջապահության նախկին փոխնախարարին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ

Armenpress 17:12, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»,- ասաց Խաչատրյանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 9-ին 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Վահան Պողոսյանին՝ մերժելով քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդությունը:

Ավելի վաղ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարար Վ. Պողոսյանը: «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am