Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Մխիթարյան միաբանության միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին

Armenpress 15:15, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հարապետության  նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը տեղեկացրել են, որ միաբանության կողմից ձեռնարկվել է Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարկություն, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»-ը:Նրանք նախագահին են նվիրել մատենաշարի առաջին՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times» երկհատոր գիրքը: Հատորներում ներկայացված 2666 հոդվածներում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, 1915 թ․Հայոց ցեղասպանությանը և այդ կոտորածների անմիջական հետևանքներին:

Հեղինակները նշել են, որ գրքերը նախատեսված են ոլորտի մասնագետների և հետազոտողների համար, չեն վաճառվում և տրվում են գրադարաններին ու բուհերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am