Նախատեսվում է նվազեցնել «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության անդամ համայնքների էներգետիկ կախվածությունը

Armenpress 18:05, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ Քաղաքապետերի դաշնագրի ակումբի առաջին հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման շրջանակում կայացավ հարթակի նախագահի ու փոխնախագահի ընտրություն:

«Քաղաքապետերի դաշնագրի» ակումբի նախագահ ընտրվեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, իսկ փոխնախագահ Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը:

Հարթակի գլխավոր նպատակն է օգնել Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի մասնակից երկրների համայնքներին նվազեցնել իրենց էներգետիկ կախվածությունը և ապահովել հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը:

Այդ ամենի շնորհիվ կբարելավվի համայնքների բնակիչների կյանքի որակը՝ վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության բնագավառներում միջոցառումների իրականացման միջոցով:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, որ քաղաքապետի հետ դաշնագրի շրջանակներում և՛ պետությունը, և՛ աջակցող կազմակերպությունները նույնպես ստանում են հանձնարարություններ:

«Շատ կարևոր է քաղաքականությունների մշակման հարցում երկխոսությունը: Տեղական իշխանությունները պետք է կարողանան պետական քաղաքականություններում փոփոխություններ մտցնել, որպեսզի ձևավորվեն միասնական քաղաքականություններ: Այս հարթակի հիմնական նպատակը հենց սա է: Շատ ենք կարևորում նաև, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի համայնքների միությունը, Էներգախնայողության հիմնադրամը նույնպես այդ գործընթացի ակտիվ մաս կազմեն»,- ասաց Երիցյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության բաժնի ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովն ընդգծեց, որ հիմնական շեշտը պետք է դնել տնտեսության, մասնավոր ոլորտի, տարածքային զարգացման և էներգախնայողության վրա:

«Եվրոպական միությունը պարտավորվել է որպես գործընկեր հանդիսանալ և՛ համայնքների և Կառավարության համար: «Քաղաքապետերի դաշնագիր»-ը Հայաստանում շատ ավելի հզոր դիքերում է գտնվում, քան ԵՄ գործընկեր այլ երկրներում: Այս ծրագրին մասնակցում է 18 քաղաքապետարան»,-նշեց Տոշկովը և իր համոզմունքը հայտնեց ծրագրի հաջողելու վերաբերյալ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության բաժնի ներկայացուցիչը կոչ արեց ներկա համայնքապետերին և քաղաքապետերին առավելագույնս օգտվել տվյալ հարթակի հնարավորություններից ի բարօրություն իրենց համայնքների:

Հարթակը կնպաստի բոլոր շահառուների միջև տեղեկատվության փոխանակմանը և կապահովի փոխգործակցություն համապատասխան նախաձեռնությունների, համայնքային ծրագրերի և գործողությունների միջև:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ արևելյան հարևանության պետություններում Քաղաքապետերի Դաշնագրի քարտուղարության գործունեությունը։ Քարտուղարության գործողությունները ներառում են ստորագրող քաղաքների կարողությունների զարգացում, շահառուների հետ կապերի ուժեղացում, Դաշնագրի աջակից և համակարգող կազմակերպությունների ցանցի ուժեղացում, քաղաքների կարողությունների ուժեղացում ծրագրերի զարգացման ոլորտում և ֆինանսների հասանելիություն։

Սա ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am