Էդմոն Մարուքյանը ԱԺ իշխանական խմբակցության մոտ նկատում է ընդդիմությանն ականջալուր լինելու պատրաստակամություն


ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իշխանական խմբակցության կողմից նկատում է պատրաստակամություն` ականջալուր լինելու և խնդիրները միասնական լուծելու համար: Սակայն Մարուքյանը դեռ չի շտապում գնահատական տալ, թե որքանով այն կիրագործեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Վերջնական գնահատական տալու համար դեռ պետք է աշխատենք: Առաջին քառօրյայից հետո սկսել պնդել, թե ընդդիմության բոլոր առաջարկները մերժվում են, այնքան էլ արդար չէ: Հետևաբար` եթե մի քիչ ժամանակ անցնի, կասենք: Մեր կողմից առաջարկված նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես օր հաշվելու մասին նախագիծը մերժվեց, սակայնն 27 տարին լրացած և զինծառայությունից խուսափածներին վերաբերող նախագիծն ընդունվել է: Հիմա դեռ միանշանակ չենք կարող ասել»,-ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը նկատեց` քաղաքական մեծամասնությունը ցույց է տալիս պատրաստակամություն` աշխատելու, ականջալուր լինելու և խնդիրները միասնական լուծելու համար: Նա նշեց` իրենք էլ պետք է օրակարգը հագեցած պահեն: Արդյունքում կերևա, թե իշխանությունը որքանով է ականջալուր, որքանով է հնարավոր խնդիրները համատեղ լուծել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am