Արայիկ Հարությունյանը Քուվեյթի հետ կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություն է տեսնում

Armenpress 17:49, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի ներուժը կարող է նպաստել ինչպես կրթության, այնպես էլ՝ այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում, ԿԳ նախարարը կարևորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝  Քուվեյթում հայ ուսանողների համար կազմապերպվող արաբերենի վերապատրաստման դասընթացները  և ԵՊՀ-ում գործող «Աբդելազիզ Ալ Բաբտեյնի արաբական  մշակույթի»  կենտրոնի գործունեությունը: Արայիկ Հարությունյանի խոսքով, բուհական համակարգում առկա փոխգործակցության փորձն անհրաժեշտ է կիրառել նաև հանրակրթության ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեզուների իմացությունը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ընդգծել է, որ հարաբերությունների ընդլայնման  վեկտորը կարող է ընդգրկել  ոչ միայն լեզուների վերապատրաստման, այլ նաև բժշկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական մասնագիտությունների ու հետազոտողների շրջանակը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հայկական կրթական բրենդների մասնավորապես՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և  «Արմաթ» լաբորատորիաների միջազգայնացման հարցին:

Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում ակտիվ համագործակցության առնչությամբ` դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին կարևորել է  երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:  Հայտնելով արաբական կողմի պատրաստակամությունը հարաբերությունների զարգացման առնչությամբ՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց նոր խթան կարող է հաղորդել Քուվեյթի կրթության և գիտության նախարարի այցը Հայաստան: Դեսպանը միաժամանակ տեղեկացրել է, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի կրթության համակարգի նկատմամբ:  Իր հերթին ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրների կրթության համակարգում հետագա համագործակցության զարգացման նպատակով Քուվեյթի կրթության նախարարի այցի կազմակերպումը:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կրթության համակարգում  համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am