Մարդու իրավունքներից մինչ կոռուպցիայի դեմ պայքար. պատգամավորները քննարկում են ունեցել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հետ

Armenpress 17:48, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը հանդիպումներ են ունեցել ՀՀ ազգային ժողովում  ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումներին ներկա է եղել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը համազեկուցողներին ներկայացրել է խմբակցության օրակարգը, առաջնահերթությունները՝ մասնավորապես սուպերվարչապետական համակարգից խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցում դիրքորոշումները եւ առաջարկները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ սահմանադրական փոփոխություններին, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին եւ մարդու իրավունքների ոլորտում օրենսդրությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, կարեւորել դրանց աստիճանական զարգացումը: Պատգամավորն անընդունելի է համարել հատկապես սոցցանցերում քաղաքական գործիչների նկատմամբ ատելության քարոզը:

Միքայել Մելքումյանը ներկայացրել է տնտեսական ոլորտում առկա խնդիրները, մատնանշել դրանց լուծման ուղիները: Ըստ պատգամավորի՝ հնարավոր ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ են հստակ պայմաններ: Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ պետք է բարեփոխել հարկային օրենսդրությունը: Նույն խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարեւոր է համարել միջազգային կառույցների հետ գործակցությունը, տարբեր ոլորտներում միջազգային փորձի արդյունավետ կիրառումը մեր երկրում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել խմբակցության քաղաքական օրակարգի հարցերին: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսել է այն օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնք նախաձեռնել է իրենց խմբակցությունը: Նա նաեւ անդրադարձել է նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներին:

Համազեկուցողները հետաքրքրվել են խորհրդարանի վերահսկողական դերի բարձրացմանն ուղղված քայլերի մասին, որոնց վերաբերյալ խմբակցության անդամները պարզաբանումներ են ներկայացրել:

Համազեկուցողների հետ հանդիպել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: Վերջինի ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ հակակոռուպցիոն մարմնի ձեւավորումը խորհրդարանի առաջնային հարցերից է եւ կարեւորել առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am