Երևանում բացվեց նկարիչ Մհեր Հարությունյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը

Armenpress 17:00, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական լեռնաշխարհն իր ամբողջ գեղեցկությամբ ու հարստությամբ պատկերված է գեղանկարիչ Մհեր Հարությունյանի «Հայրենի բնօրրան» խորագրով ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 14-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:

«Քսան տարի առաջ Մհերը սովորում էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Դեռ այդ ժամանակ տեսնում էի, որ նրա ներքին աշխարհը շատ հարուստ է, նա շատ զգայուն է: Մհերը բերում էր իր էսքիզները, որոնք դիտելիս հարց էր առաջանում, թե նա ի՞նչ գրքեր է ընթերցում, ի՞նչ  կա նրա մտքում: Նա  շատ յուրօրինակ կոմպոզիցիաներ էր ներկայացնում, որոնք նման չէին այլ նկարիչների գործերին: Կարծում եմ` Մհերը կարող էր նաև հետաքրքիր կոմպոզիտոր դառնալ»,-նշեց  ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը:

Դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը, դիտելով կտավները ասաց, որ   այդպես կարող է նկարել միայն նա, ով այդ բնության մի մասնիկն է, ով պատկերված վայրերում եղել է, ում մանկությունն ու պատանեկությունն են անցել այդտեղ: «Այս կտավներում պատկերված են հայրենիքն ու սերը նրա հանդեպ»,-ընդգծեց Խալաթյանը` շնորհավորելով Հարությունյանին:

«Ստեղծագործելիս լսում եմ բնության ձայնը: Իմ բնանկարները ռեալիստական են. ինձ համար շատ կարևոր է բացել աչքերս, նայել բնությանը, ոչ թե փակվել սենյակում ու հորինել ինչ-որ պատկերներ, բնություն, որը կարող էր լինել»,-շեշտեց  Մհեր Հարությունյանը:

Նա ընդգծեց` նկարիչը պետք է ստեղծի արժեք, որն անհրաժեշտ լինի ապագա սերունդներին:

Ցուցահանդեսում ներկայացված է 23 աշխատանք: Այն բաց կլինի մինչև մարտի 19-ը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am