Դեսպան Փոլադյանն ու Իրաքի առևտրի նախարարը քննարկել են առևտրի բնագավառում առկա համագործակցության հեռանկարները

Armenpress 15:31, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մարտի 13-ին հանդիպել է Իրաքի առևտրի նախարար Մոհամեդ Հաշիմ Աբդուլ Մաջիդին (Mohammed Hashim Abdul Majeed)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով դեսպան Փոլադյանին՝ նախարար Աբդուլ Մաջիդը նշել է, որ ներկայումս բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել առևտրատնտեսական ծավալներում փոխադարձ առաջընթաց գրանցելու ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում առևտրի բնագավառում առկա համագործակցության հեռանկարներին՝ մատնանշելով, որ այդ նպատակն իրագործելու համար խիստ կարևոր է գործարարների համաժողովներին և փոխադարձաբար տնտեսական ուղղվածություն ունեցող ցուցահանդեսներին մասնակցությունը։ Նախարար Աբդուլ Մաջիդը, մասնավորապես ընդգծել է հայկական ընկերությունների՝ հոկտեմբերին կայանալիք Բաղդադի միջազգային տնտեսական ցուցահանդեսին մասնակցելու կարևորությունը։ Արձանագրվեց, որ առկա է մեծ ներուժ առևտրի ծավալներն ավելացնելու համար՝ հատկապես ապագայում Հայաստանից դեպի Իրաք ուղղությամբ ցամաքային ճանապարհի բացման պարագայում։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են պատշաճ կերպով նախապատրաստվել նաև տարեվերջին տեղի ունենալիք Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի աշխատանքներին՝ վերանայելով նաև համապատասխան իրավապայմանագրային երկկողմ փաստաթղթերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am