Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու գործընթացը դեռևս ընթացքի մեջ է

Armenpress 14:00, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:   Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ 

««Գոլդեն փելես» ՍՊԸ-ի կողմից ցանկություն է հայտնվել գույքը պետությանը նվիրատվություն կատարելու, նմանատիպ այլ ցանկություն հայտնող չի եղել: Իսկ եթե կան գործարքներ, որոնց ժամանակ ապօրինություններ են թույլ տրվել, դրանք բացահայտում ենք, ուղարկում իրավապահներին և քննություն է իրականացվում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բաբայանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հյուրանոցի՝ պետությանը փոխանցվելու գործընթացն առայժմ չի ավարտվել, բացի այդ՝ առկա է նվիրատվությունից որոշ ժամանակ անց գույքը հետ վերցնելու ռիսկը, և պետք է ամեն ինչ անել՝ այդ ռիսկը չեզոքացնելու համար։ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am