Անասնապահության զարգացումը խթանելու նպատակով կառավարությունն ընդունեց նոր որոշում

Armenpress 12:00, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անասնապահության զարգացումը խթանելու նպատակով կառավարության նիստում որոշում կայացվեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար:

Որոշվեց նաև Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող` 1 մլրդ 64 մլն 537 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը նվիրաբերել նույն համայնքներին` համապատասխան համայնքի արոտավայրերի ջրարբիացման բարելավման և անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:

«Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ժամանակավոր պահատվության հանձնված` 226 մլն 895 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան նվիրաբերվեց նույն կոոպերատիվներին՝ կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով», - նշեց Գեղամ Գևորգյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am