Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի պատվիրակությանը


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 13-ին  ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) պատվիրակությանը՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Շիռոկովի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համագործակցությունը ԵԿԶՀ-ի հետ դրական արդյունքներ է գրանցել և առկա են զգալի հնարավորություններ այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյ Շիռոկովը ասել է, որ ԵԿԶՀ-ն այս տարի նշում է իր կազմավորման 10 ամյակը, որի ընթացքում իրականցվել են կարևոր ծրագրեր հիմնադրամի մասնակից-պետությունների տնտեսական զարգացմանը և կայունացմանը նպաստելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելը Հայաստանում էլ ավելի կաճի:

Փոխվարչապետն անդրադարձել է կառավարության բարեփոխումներին և զարգացման առաջնահերթություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը որդեգրել է ներառական տնտեսական աճի քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք նախաձեռնությունները պետք է տեղ գտնեն այդ գաղափարախոսության շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության (մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու) և ջրամբարաշինության ու ոռոգման համակարգերի ոլորտներում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել նոր ուղղություններով համագործակցության հետագա հեռանկարներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am