Արցախի արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Armenpress 19:53, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մայիլյանն ասաց մարտի 13-ին՝ Լայչակի հետ հանդիպումից հետո:

«Ընդգծել ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների՝ Դուշանբեում կայացած հանդիպումից հետո, զոհերի դեպքեր չկան առաջնագծում: Բայց մենք նաև պետք է իրագործենք այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում: Դրանց կյանքի կոչելն ավելի շատ անվտանգություն կբերի տարածաշրջանին»,- ասաց Մայիլյանը:

ԱԳ նախարարը նշեց, որ Լայչակի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂ հակամարտության կարգավորման մասին վերջին հայտարարությունը չեն քննարկել:

«Կոնկրետ հայտարարությունը չենք քննարկել, բայց քանի որ այդ հայտարարության մեջ կան տարբեր մեսիջներ, տարբեր տարրեր, մենք անդրադարձել ենք դրանց: Մեր խոսակցության մեջ այդ հայտարարությանը որևէ գնահատական չի տրվել»,- նշեց նախարարը:

Մասիս Մայիլյանը նշեց, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը տարածքային խնդիր չէ, ինչպես Ադրբեջանն է փորձում ներկայացնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am