Մասիս Մայիլյանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առանց Արցախի մասնակցության առաջընթացի հնարավորություն չի տեսնում

Armenpress 19:48, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացն առանց Արցախի մասնակցության հնարավոր չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մայիլյանն ասաց մարտի 13-ին՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո:

«Գործող նախագահին ներկայացրել ենք մեր տեսակետները, հիմնավորել ենք, թե ինչու Արցախը որպես երրորդ կողմ պետք է մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որը պետք է լինի ապագայում: Եթե Արցախը չմասնակցի բանակցություններին, ապա մենք որևէ առաջընթաց ունենալ չենք կարող»,- ասաց նախարարը:

Մասիս Մայիլյանը նշեց, որ կարևորում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները, և դրանք պետք է շարունակական լինեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am