Եղիշե Չարենցի ծննդյան օրը գրողները ծաղիկներ խոնարհեցին նրա արձանին

Armenpress 15:25, 13 Մարտ, 2019

 ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին մի խումբ մտավորականներ հարգանքի տուրք մատուցեցին գրողին` ծաղիկներ խոնարհելով նրա երևանյան հուշարձանին:

«Չարենցի բանաստեղծությունները մեր ապագայի համար են: Մեր ժողովրդի մեծերը ծնվել են, ստեղծագործել են, որպեսզի մեր երկիրը մեծ առաջընթաց ունենա. նրանք ապագայի երգիչներ էին, որոնք պատգամում էին պահպանել հայ գիրը, լեզուն, ոգին: Մենք պետք է կարողանանք դա անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը հաճախ սկսում է հարգել ու սիրել մեր պոետներին, երբ  նրանք կյանքից հեռանում են: «Ժամանակակից, ապրող պոետների նկատմամբ մենք մեր սերը պետք է արտահայտենք նրանց ընթերցելով, ճանաչելով նրանց գործը»,- եզրափակեց նա:

Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի խոսքով` Չարենցը հայոց պատմության ծնունդն էր և, ինչպես ինքն էր գրում, «ոսկի երակը հնամյա ցեղի»: «Չարենցն ամբողջ կյանքն ապրեց իր ժողովրդի ճակատագրից անբաժան: Նրա կյանքը եղավ անվերջ,  անմնացորդ, անանձնական նվիրում  իր ժողովրդին և հայրենիքին:

Չարենցն ընդամենը քառասուն տարեկան էր, երբ ավարտվեց նրա արարչական կյանքը, և նա չհասցրեց իրականացնել իր բոլոր ցանկություններն ու երազանքները, բայց այն ամենը, ինչ թողեց,  կապրի դարեր` կրթելով բազմաթիվ սերունդների»,-շեշտեց Գոհար Չարենցը:

Գրող Խաչիկ Մանուկյանն ընդգծեց, որ ոչ բոլոր ազգերին է բախտ վիճակվել ունենալ այնպիսի գրող, որի ձայնը համամոլորակային հնչեղություն է ունենում: «Մեր հանճարներն այնքան հզոր են, որ ազգ, հայրենիք, պետություն կարող են պահել, և նրանցից է Չարենցը, որը դարերով ոգեշնչելու է մեզ»,- ասաց նա:

Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարս քաղաքում։ 

Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս են գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծացել են չորս տղա և երեք աղջիկ։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին, այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

1914 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։

Հաջորդ տարի հրատարակվում է նրա «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am