Հայաստանն ու Վրաստանը կարևորում են Հարավային Կովկասում էներգետիկ և լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը

Armenpress 14:51, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:   

«Մեր համատեղ պատմությունն աչքի է ընկնում բարեկամ երկրների ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով: Դրանց հիման վրա այսօր զարգանում և ամրապնդվում է մեր երկու երկրների բազմաոլորտ համագործակցությունը: Այսօր կրկին Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Այդ մասին են վկայում նաև վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի պարբերական հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց Արմեն Սարգսյանը: 

ՀՀ նախագահն արդյունավետ գնահատեց իր  վրացի գործընկերոջ  հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները  տրանսպորտային, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: «Կարևորել ենք Հարավային Կովկասում ենթակառուցվածքային էներգետիկ և լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը տարածաշրջանային անվտանգության, կայունության և զարգացման ապահովման նպատակով: Չափազանց կարևորում ենք համագործակցությունը կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտում: Համոզված ենք, որ այդ ուղղություններով մեր գործադրած համատեղ ջանքերը կլինեն արդյունավետ»,- ասաց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը  վերահաստատեց այն համոզմունքը, որ միացյալ ջանքերի շնորհիվ կկարողանան առավել խորացնել հայ-վրացական բարեկամական, ավանդական հարաբերությունները:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am