1000х90.jpg (78 KB)

Վահե Էնֆիաջյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Armenpress 17:35, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետկապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը, դրական գնահատելով հայ-ղազախական ներկա հարաբերությունները, կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Նա նշել է, որ առաջիկայում կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որում կներգրավվեն ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից:

Տարածաշրջանային հիմնահարցերի բարձրաձայնման ու արդյունավետ լուծման տեսանկյունից Վահե Էնֆիաջյանը կարեւորել է յոթերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծված Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ընդգծել է համագործակցությունը միջազգային կառույցներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ԵԱՏՄ-ում:

Դեսպանը եւս կարեւորելով միջխորհրդարանական կապերի ընդլայնումը եւ փոխայցերի ակտիվացումը՝ ընդգծել է մի շարք ոլորտներում փոխգործակցությունն աշխուժացնելու անհրաժեշտությունը եւ փաստել, որ այս հարցում կա չօգտագործված զգալի ներուժ: Թիմուր Ուրազաեւը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին երկու տարիներին աճել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, ինչը ԵԱՏՄ-ի ունեցած դրական ազդեցության արդյունք է նաեւ:

Կողմերն անդրադարձել են հայ եւ ղազախ գործարարների միջեւ հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման հնարավորություններին:

Դեսպանը մանրամասներ է ներկայացրել Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության քննության ընթացքի վերաբերյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am