Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Armenpress 16:52, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի:

Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն ակտիվ դերակատարություն կունենա փոխադարձ կապերի ընդլայնման գործում: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին, այս հարցում կարեւորել երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ալեն Սիմոնյանը, անընդունելի համարելով մեր հարեւան պետության կողմից խաղաղության հաստատմանը խոչընդոտող կոչերը եւ ռազմատենչ հռետորաբանությունը, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել: Դեսպանն իր հերթին կարեւորել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Թիմուր Ուրազաեւը խոսել է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկու ինտեգրացիոն ուղղություններում իր երկրի առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am