Թատերական ինստիտուտի ուսանողներն այսուհետ կարող են կինոցուցադրություններ իրականացնել կինոմիության դահլիճներում

Armenpress 16:51, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը մարտի 12-ին համագործակցության հուշագրի ստորագրեցին: Համագործակցության շրջանակում ինստիտուտի ուսանողները հնարավորություն կունենան կինոմիությունում կինոցուցադրություններ իրականացնել, մասնակցել վարպետության դասերի և քննարկումների:

«Կինոյի ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան թե’ ֆինանսական, թե’ կազմակերպչական, թե’ ուսումնական: Մեզ անհանգստացնում են այդ հարցերը, ուստի Կինեմատոգրաֆիստների միությունը որոշեց իր հնարավորությունների սահմաններում օգնել ուսանողներին`նրանց անվճար դահլիճ տրամադրելով, վարպետության դասեր, քննարկումներ կազմակերպելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով` հուշագիր են ստորագրում, որպեսզի պայմանավորվածությունները պաշտոնական բնույթ ստանան, և միությունը պարտավորված լինի անել այն ամենը, ինչի մասին խոսվում է փաստաթղթում:

Խաչատրյանն ասաց, որ միության դռները միշտ բաց կլինեն ուսանողների առաջ: «Ցանկության դեպքում տարվա մեջ երկու կամ երեք անգամ կարող ենք տրամադրել մեծ դահլիճը, իսկ փոքր դահլիճը` ամիսը մեկ անգամ»,-նշեց միության նախագահը և ուսանողներին կոչ արեց լինել ակտիվ ու մասնակցել բոլոր ծրագրերին:

Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց Հարություն  Խաչատրյանին նախաձեռնության համար:

«Իրականում բուհն այդ աջակցության կարիքը շատ ունի, քանի որ մենք շենքային  անհաջող պայմաններում ենք, և այն շքեղ տարածքի դռները, որ Հարություն Խաչատրյանը բացել է մեր առաջ անգնահատելի է: Ես դա ընկալում եմ ոչ միայն որպես բարի կամք, այլև օգնության ձեռք ուսանողներին: Համոզված եմ, որ վարձատրություն լինելու է հարգալից վերաբերմունքի և մեր ուսանողների ստեղծագործական աշխատանքների միջոցով»,-ասաց նա:

Ստորագրման արարողությունից հետո Կինոմիության փոքր դահլիճում ցուցադրվեցին ԵԹԿՊԻ-ի ուսանողական ֆիլմերը, որոնք 2019 թվականի մայիսի 7-13-ը կներկայացվեն Մոլդովայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի «Classfest» միջազգային ուսանողական կինոփառատոնին։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am