JAXA-ն եւ Toyota-ն օդաչուավոր լուսնագնացի կոնցեպտ են ներկայացրել

Armenpress 16:19, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) եւ Toyota ավտոմոբիլային կոնցեռնը համատեղ օդաչուավոր լուսնագնաց են մշակում Լուսնի մակերեւույթի հետազոտման համար: Մարտի 12-ին այս մասին ընկերությունները հայտարարել են Տոկիոյում ընթացող Տիեզերական հետազոտությունների միջազգային գիտաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտաժողովի մասնակիցներին են ներկայացրել ոչ մեծ CG- տեսահոլովակ, որտեղ ցուցադրել են համատեղ մշակվող օդաչուավոր լուսնագնացի կոնցեպտը: Վեցանիվ փոխադրամիջոցը՝ կողերին տեղակայված արեւամարտկոցներով, կունենա 6 մ x 5,2 մ x 3,8 մ չափ, իսկ լուսնագնացի ներքին տարածքի մակերեսը կկազմի մոտավորապես 13 քառակուսի մետր՝ երկու նստելատեղով: Toyota ընկերության ներկայացուցչի խոսքով՝ լուսնագնացը կունենա կենսապահովման ամբողջական համակարգ: Տիեզերագնացները կկարողանան փոխադրամիջոցի ներսում գտնվել եւ այն կառավարել առանց սկաֆանդրների օգտագործման: Նշվում Է, որ նոր սերնդի մարտկոցը, որը կտեղակայվի լուսնագնացում, դրան թույլ կտա Լուսնի մակերեւույթին հազար կիլոմետր հեռավորություն հաղթահարել՝ առանց լրալիցքավորման: Այդ մշակումն ավարտելու կոնկրետ ժամկետների մասին այս պահին չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am