«Բարգավաճ Հայաստան»-ն առանց արցախցիների մասնակցության անընդունելի է համարում Արցախի հետ կապված ցանկացած հարցի որոշում


ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում առանց Արցախի ժողովրդի մասնակցության՝ Արցախի հետ կապված ցանկացած հարցի որոշում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում ասաց խմբակցության  պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«ԲՀԿ-ի դիրքորոշումն այն է, որ Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի, Արցախի ժողովրդի մասնակցության: Մնացած քաղաքական գործընթացներին մենք կանդրադառնանք»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարությանը՝ Տոնոյանը նշեց, որ հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր են տեսնում:

Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ևս նշեց՝ համանախագահների հայտարարության որոշ կետեր չէին կարող մտահոգիչ չլինել: «Սակայն մենք դա պետք է դիտարկենք ՀՀ արտաքին գործերի նախարարության  արձագանքի կոնտեքստում: Բոլորս էլ գիտենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական էլիտան շեշտադրել է ուժի գործադրման գործոնը: Դա մեզ համար անընդունելի է»,-նշեց պատգամավորը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ին հայտարարություն էին տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am