1000х90.jpg (78 KB)

«Երևան իմ սեր» հիմնադրամը հյուրընկալել է «Բուկինիստ» ընկերությանը

Armenpress 18:47, 4 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուկինիստ» ընկերությունը, կարևորելով առողջական խնդիրներ ունեցող երեխաներին և նրանց ծնողներին տրամադրվող մասնագիտական աջակցությունը, մարտի 4-ին անհրաժեշտ գրականություն, զարգացնող խաղեր նվիրեց «Երևան, իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» վերականգնողական կենտրոնի գրադարանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվիրատվությունը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

«Մենք տեղեկացանք, որ «Լուսէ» կենտրոնի գրադարանը համալրման կարիք ունի և որոշեցինք անհրաժեշտ գրքեր նվիրել գրադարանին: Բերել ենք  մանկական, մասնագիտական գրականություն, որոնք կօգնեն նաև կենտրոնի աշխատակիցներին»,-նշեց «Բուկինիստ»-ի փոխտնօրեն Լորիս Վարդանյանը:

Նա շեշտեց, որ  իրենք մասնագիտական գրականության լայն տեսականի ունեն: Եթե պահանջվում են գրքեր, որոնք «Բուկինիստ»-ի գրախանութներում չեն լինում, իրենք պատվիրում են դրանք:

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի խոսքով` հիմնադրամի նպատակներից է հին Երևանի ճարտարապետական  ժառանգության հնարավորինս պահպանումը կամ վերստեղծումը և այդ վերստեղծված միջավայրերում սոցիալապես օգտակար կրթական, բարեգործական ծրագրերի իրականացումը:

Անդրադառնալով «Լուսէ» կենտրոնին` նա նշեց, որ այն հիմնադրամի նախագծերից մեկն է: «Կենտրոնն իրականացնում է ծրագրեր հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որոնք յուրահատուկ մեթոդաբանությամբ անցնում են վերականգնողական ծրագրեր, որոնց արդյունքները չափվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Երեխաների մեծ մասի հետ իրականացվում են անհատական դասընթացներ, և ծրագրերի արդյունավետությունը նաև դրանով է պայմանավորված»,-ներկայացրեց Կարապետյանը:

Խոսելով «Բուկինիստի» նախաձեռնության մասին` Կարապետյանն ասաց, որ կարևորում է նման համագործակցությունը և ողջունում այն:

«Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է 2017 թվականին` ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն, կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, այդ թվում մտավոր և ֆիզիկական զարգացման  խնդիրներ ունեցող 2-18 տարեկան երեխաների: Ամեն տարի կենտրոն են հաճախում շուրջ 220 շահառու երեխաներ, ովքեր ստանում են լոգոպեդական, սոցիալ-հոգեբանական, արտթերապևտիկ (կավային, հեքիաթաթերապիա և երաժշտական թերապիա, պարային), ֆիզիոթերապևտիկ, հատուկ մանկավարժական, էրգոթերապևտիկ ծառայություններ։

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am