Էստոնիայի ազգային գրադարանում բացվել է Հայաստանի և Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված գրքերի ցուցահանդես

Armenpress 18:16, 4 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի ազգային գրադարանում մարտի 1-ին  բացվել է հատուկ ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Արցախի պատմությանն ու մշակույթին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ցուցահանդեսում ներկայացված գրքերը, որոնք նվիրաբերվել են Էստոնիայում ՀՀ դեսպանության կողմից, էստոնացի ընթերցողին հնարավորություն են տալիս ծանոթանալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությանն ու ճարտարապետությանը, աշխարհագրությանը, պատմության տարբեր դրվագներին, Հայոց ցեղասպանությանն ու հայ գրականությանը։

Ընդհանուր առմամբ, ՀՀ դեսպանությունն Էստոնիայի ազգային գրադարանին վերջին երկու տարիների ընթացքում նվիրաբերել է ավելի քան 50 անուն գիրք։ Նման սերտ համագործակցություն հաստատաված է նաև բալթյան մյուս հանրապետությունների՝ Լիտվայի և Լատվիայի ազգային և համալսարանական գրադարանների հետ ու կրում է պարբերական բնույթ։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև մարտի 31-ը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am