Վիեննայում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի

Armenpress 17:12, 4 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի Հայ առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցում մարտի 3-ին Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանի և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այնուհետև, Ավստրիայում Հայաստանի դեսպանության, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության կողմից ծաղկեպսակներ են զետեղվել եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: 

Ներկաներին ուղղված իր խոսքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ 31 տարի առաջ Սումգայիթում մեր հայրենակիցները զոհ դարձան ադրբեջանցի խուժանի վայրագությանը, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ճակատագիրը ազատ տնօրինելու արդար պահանջին։ Արմեն Պապիկյանը նշել է  նաև, որ Հայաստանի և Արցախի հետագա հզորացումը լավագույն հարգանքի տուրքը կլինի Սումգայիթում և Ադրբեջանի այլ վայրերում իրագործած ջարդերին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am