Հայաստանի դերակատարությունը Իրանի համար ստանում է նկատելի տարողունակություն. Շահան Գանտահարյան

Armenpress 20:55, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան պաշտոնական այցը  տեղավորվում է ՀՀ արտաքին բազմավեկտոր քաղաքականության իրականացման շրջանակներում : «Արմենպրես»-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ Երևանը և Թեհրանը փոխլրացուցիչ պայմանավորվածություններով ճեղքումնային գործընթացներ են առաջադրում, և չի բացառվում, որ Արեւմուտքը վերսկսի խոսել այլընտրանքային ճանապարհների եւ, հետևաբար, փակ սահմանների վերաբացման անհրաժեշտության մասին։

«Եթե մինչ այժմ վերլուծաբանությունը առաւելաբար շեշտում էր շրջափակման ենթակա Հայաստանի համար իրանյան ելքի ռազմավարական նշանակությունը, ապա ներկա պայմաններում Հայաստանի Հանրապետության դերակատարությունը Իրանի համար զգալիորեն ստանում է նկատելի տարողունակություն։

Հայկական կողմի բարձրացրած խնդիրները քաղաքականորեն ընկալելի եւ հիմնավորյալ են։ Կարծում եմ այցը տեղավորվում է ՀՀ արտաքին բազմավեկտոր քաղաքականության իրականացման շրջանակներում»,- նշեց վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի 2018թ. հոկտեմբերին կայացած այցը տարածաշրջան քաղաքական վերլուծաբանների համար առաջին հերթին կապվում էր Իրանի մեկուսացման ամերիկյան քաղաքականությանը։ «Երեւանը, փաստորեն, ինքնուրույն դրսեւորումի փաստ է արձանագրում»,- նկատեց Շահան Գնատահարյանը։

Նա անդրադարձավ հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերի դերակատարությանը տարածաշրջանում՝ ընդգծելով. «Մի կողմից շրջափակված Երևանը, մյուս կողմից՝ մեկուսացման եւ տնտեսական պատժամիջոցային  քաղաքականության ենթակա Թեհրանը փոխլրացուցիչ պայմանավորվածություններով ճեղքումնային գործընթացներ են առաջադրում։ Դա վերաբերվում է թե՛ Հյուսիս-հարավ ճանապարհին, թե՛ էներգետիկ խնդիրների նոր ծավալների ապահովման եւ թե՛ ընդհանրապես հեռակա կարգով երկաթգծին, Պարսից ծաոցի և Կասպից ծովերի ցամաքային կամրջումին, ինչու չէ՝ նաեւ ուրվագծային տեսք ունեցող Մետաքսի ճանապարհին։

Այս բոլորի նկատումով՝ չի բացառվում, որ Արեւմուտքը վերսկսի խոսել այլընտրանքային ճանապարհների եւ, հետևաբար, փակ սահմանների վերաբացման անհրաժեշտության մասին»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am