Ճիշտ պատրաստված գործիքները տարիների ընթացքում ավելի լավն են դառնում. երաժշտական գործիքների վարպետ Մարտին Երիցյան

Armenpress 09:02, 1 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինագործ-վարպետների ընտանիքից Մարտին Երիցյանը 60 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում 600-ից ավելի երաժշտական գործիք է պատրաստել: Նրա ջութակները, թավջութակները, ալտերը իրենց մաքուր ու գեղեցիկ հնչողությամբ գրավել են ոչ միայն Խորհրդային Միության երկրների, այլև ԱՄՆ-ի և Եվրոպայի երաժշտասերներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտին Երիցյանը պատմել է ստեղծագործական գործունեության, լարային երաժշտական գործիքների առանձնահատկությունների մասին:

-Պարոն Երիցյան, ձեր հայրը` Շահեն Երիցյանը, երաժշտական գործիքներ պատրաստող հայտնի վարպետ էր. նա՞ է ձեզ ոգեշնչել շարունակել իր գործը:

-Հայրս 1925 թվականին Հունաստանից եկավ Հայաստան: Նա Աթենքում երաժշտական գործիքներ` հիմնականում ջութակներ էր պատրաստում: Հայրենիք գալուց հետո  տեղի ժողովրդական գործիքներ պատրաստող այլ վարպետների և իր աշակերտների հետ հիմնադրեց արհեստանոց, որտեղ պատրաստում էին կիթառներ,  ժողովրդական գործիքներ` թառ, քամանչա և այլն:  Հայրս հիմնականում եվրոպական գործիքներ էր պատրաստում` ջութակ, ալտ, թավջութակ և այլն: Արհեստանոցը բավականին երկար տարիներ արտադրեց բազմաթիվ գործիքներ, որոնք նպաստեցին Հայաստանում երաժշտական կատարողական արվեստի զարգացմանը: Հորս վարպետ լինելը հնարավորություն էր, որ ես դառնամ նրա գործի շարունակողը:

-Դուք նաև ջութակահար եք: Գործիքին տիրապետելն օգնո՞ւմ է ավելի լավ պատրաստել այն:

-Հիշում եմ, երբ սովորում էի, եկավ շրջան, որ շատ զայրացած էի ու չէի ցանկանում շարունակել նվագել, այդ ժամանակ հայրս ասաց, որ առաջին հերթին պետք  է լավ ջութակահար դառնալ, նոր՝ ջութակի լավ վարպետ: Ավարտեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև` ասպիրանտուրան: Ավարտելուց անմիջապես հետո ընդգրկվեցի Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետում՝ որպես երկրորդ ջութակահար: Կվարտետը 1969 թվականին Բրյուսելում մասնակցեց թագուհի Եղիսաբեթի անվան երաժշտական միջազգային մրցույթին` զբաղեցնելով չորրորդ տեղը: Դա մեծ առաջընթաց էր մեզ համար: Այնուհետև համերգային շրջագայություններ ունեցանք Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում: Հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցրել ենք նաև Իտալիայի գրեթե բոլոր քաղաքներում:  Այդ շրջագայությունների շնորհիվ տարբեր երկրներում հաղորդակցվեցի տեղի ջութակի վարպետների հետ,  ծանոթացա երաժշտական գործիքների պատրաստման նոր մեթոդներին, մոտեցումներին ու շատ բան սովորեցի: Ես շատ կապված եմ իմ գործիքներին ու կյանքս եմ նվիրել դրանց պատրաստմանը: Նվագելն ինձ համար պարզապես հոբի էր: Ըստ իս` մարդու կյանքի նպատակը պետք է լինի ստեղծագործելը, կատարելագործվելը: Մինչ օրս մեծ բավականություն եմ ստանում իմ գործից:

- Առաջին գործիքը, որը պատրաստել եք, ջութա՞կն էր:

-Այո: Մեկնել էինք Ռուսաստան՝ շրջագայության, և ես այն վերցրել էի ինձ հետ, կարողացա վաճառել: Հետո սկսեցի նորանոր գործիքներ պատրաստել: Դրանց թիվը գնալով աճեց: Խորհրդային Միության տարիներին Մոսկվայի պետական հավաքածուի համար ամեն տարի 12 գործիք էի պատրաստում: Ընդհանուր առմամբ մոտ 600 գործիք եմ ստեղծել`ջութակներ, ալտեր, թավջութակներ, կիթառներ, քանոններ, երկու վիոլա-պոմպոզա և այլն: Երաժիշտները տեսնում էին, որ իմ գործիքները շատ լավ են հնչում, որակյալ են, և պատվերները չէին դադարում:

-Ի՞նչ փայտից, լարից պետք է պատրաստված լինի երաժշտական գործիքը լավ հնչելու համար:

-Առաջին հերթին կարևոր է վարպետի մոտեցումը.  չէ՞ որ նա է ընտրում փայտը: Հիմնականում օգտագործում ենք եղևնու փայտը: Եղևնիները բազմատեսակ են, վարպետն է կողմնորոշվում, թե դրանցից որն է լավագույնը:

Լինելով երաժիշտ` առաջին հերթին ես եմ ստուգում գործիքը: Իմ պատրաստած երաժշտական գործիքներով նվագել են ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Արտաշես Մկրտչյանը, որոնց կարծիքը լսելով` հասկանում էի, թե տվյալ գործիքն ի՞նչ թերություններ ունի, և ինչպե՞ս է պետք ավելի լավացնել դրա ձայնը:

-Որակյալ գործիքը լավ պահելու դեպքում քանի՞ տարի կարող է ապրել:

-Իտալական դասական գործիքները 300-350 տարվա գործիքներ են:

Ճիշտ պատրաստված ժամանակակից գործիքները տարիների ընթացքում ավելի լավն են դառնում, եթե սխալ են պատրաստված, առաջին իսկ օրվանից վատ են հնչելու ու չեն հնչի, եթե լավ վարպետը չմիջամտի:

-Աշխատելիս երաժշտություն լսո՞ւմ եք:  Եթե այո, ի՞նչ ստեղծագործություններ եք նախընտրում:

- Սիրում եմ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Հայդնի ստեղծագործությունները: Երբեմն նաև ժամանակակիցների գործերն եմ լսում: Նրանք ինձ հոգեպես բավարարում են:

- Կա՞ մի երաժիշտ, որի համար կցանկանայիք գործիք պատրաստել:

- Անգլիացի ալտահար Սայմոն Ջոնսը Բախի երաժշտությունը կատարելու համար խնդրեց, որ ես իր համար հինգ լարանի ալտ պատրաստեմ: Ամեն համերգի ժամանակ նա հանդիսատեսին ցույց է տալիս գործիքն ու նշում, որ այն Մարտին Երիցյանն է պատրաստել, նա ներկայացնում է  հինգ լարանի ալտի առավելությունները չորս լարանի ալտի համեմատ: Բախի գործերի ձայնապնակը թողարկելուց հետո Ջոնսը երկու օրինակ ուղարկել էր ինձ: Դրանց վրա գրված է. «Նվագվում է Մարտին Երիցյանի պատրաստած վիոլա պոմպոզա անունով գործիքով` հինգ լարանի ալտ»:

-Ձեր գործիքները տարբերանշան ունե՞ն:

-Իտալացիների օրինակով եմ առաջնորդվում և գործիքի վրա գրում եմ. «Մարտին Երիցյան`  որդին Շահենի: Պատրաստված է Երևանում, այսինչ թվականին»: Դա գրում եմ լատիներեն:  Տարբերանշանը գործիքը ճանաչելու հիմնական միջոցն է, բայց կան փորձագետներ, որոնք անգամ հեռավորությունից տեսնելով գործիքը, հասկանում են, թե այն որ վարպետի աշխատանքն է: Դա տարիների փորձի արգասիքն է:

- Մեր օրերում պատվերները շա՞տ են:

-Վերջերս 39-րդ թավջութակը պատրաստեցի: Մեր հրաշալի երաժիշտ Վահրամ Սարաջյանն այդ գործիքով Երևանում համերգ նվագեց: Ամբողջ դահլիճը հիացած էր ոչ միայն նրա կատարմամբ, այլև գործիքի հնչողությամբ: Սարաջյանը թավջութակը տարավ ԱՄՆ: Հիմա կան պատվերներ, բայց ինտենսիվ աշխատելու հնարավորություն այս պահին չկա. մի քիչ հոգնածություն, նյութի պակաս և այլն, բայց կարծում եմ, որ ամռանը կավարտեմ պատվերները: Ինձ օգնում է փոքր տղաս` Կարենը, ով մանրակրկիտ աշխատանք է տանում, մեծ որդիս` Տիգրան Երիցյանը, նույնպես գործիքներ է պատրաստում: Նա հիմա Իսպանիայում է:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Գիտեք` ի՞նչն է ամենալավը. որ, հորիցս ժառանգելով երաժշտական գործիքներ պատրաստելու արհեստը, կարողացել եմ շարունակել նրա գործը: Հայաստանում հազարավոր նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ կան, իսկ  երաժշտական գործիքներ պատրաստող վարպետները շատ քիչ են: Վերջերս Մերուժան Սիմոնյանը հրատարակեց Երիցյան ընտանիքի չորս  վարպետներ Շահենի, Հակոբի, Սամվելի և իմ մասին պատմող գիրքը: Իսկապես հաճելի է:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am