Ֆրանսիական THALES ընկերության հետ համագործակցությունը Հայաստանի առջև նոր հեռանկարներ կբացի բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Armenpress 16:22, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական THALES ընկերության հետ Հայաստանի համագործակցությունը հնարավորություն կտա միմյանց կապել առաջատար բարձր տեխնոլոգիաները, որոնք կան աշխարհում այն հմտությունների հետ, որ ունեն Հայաստանն ու հայ մասնագետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերության պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հրավերով: Պատվիրակությունը ղեկավարում է ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին:

THALES-ը ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է:

Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանը հանդիպեց ընկերության փոխնախագահի հետ:

«Ես շատ ուրախ եմ, որ դուք գոհ եք Հայաստան այցելությունից և ակնկալում եմ, որ առաջիկայում այցն իր արդյունքները կունենա: Մեր կողմից կարող եմ հաստատել, որ կանենք ամեն ինչ մեր հնարավորությունների սահմաններում՝ համագործակցությունը հնարավոր դարձնելու համար: Ակնկալում ենք ստեղծել մի շարք համատեղ վենչուրներ THALES -ի ու հայկական ընկերությունների միջև»,- նշեց նախագահը և հավելեց, որ ակնկալում է կրկին անգամ տեսնել նրանց Հայաստանում՝ 21-րդ դարի նոր արդյունաբերություն ստեղծելու համար:

 Փոլ Ռեմին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին հրավերի համար և ընդգծեց, որ սա կարող է շատ բեղմնավոր այց  է իրենց համար: Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, այցելել է «Սինսոփսիս Արմենիա», PicsArt ընկերություններ, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

«Մեր կազմակերպությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Եվրոպայում առաջատարներից մեկն է: Հայաստանի հետ համագործակցությունը շատ խոստումնալից է և  բնական, քանի որ այն, ինչ տեսա այստեղ, խոսում էր այն մասին, որ ամուր պատրաստակամություն կա բոլորի կողմից»,- նշեց THALES-ի փոխնախագահը:

Նա շեշտեց, որ հանդիպել է նաև փոխվարչապետի հետ և նա հաստատել է այն համաձայնությունները, որոնք կան կառավարության և այն կազմակերպությունների հետ, որոնց ինքը հանդիպել է:

«Ես տեսա գործարարների, ուսանողների, երիտասարդների, հասարակական կազմակերպությունների: Շատ եմ տպավորվել ինդուստրիալ աշխարհի և կրթական հատվածի կապի փաստով, որոնք մշակվում են ինստիտուտների, համալսարանների կողմից: Սա ճիշտ կապ է: Սա ճիշտ ուղի է նաև Ֆրանսիայի նման երկրների համար, որը կարող է ինչ-ինչ բաներ սովորել այստեղի փորձառությունից»,- ասաց Ռեմին: 

Արմեն Սարգսյանը հույս հայտնեց այս տարի հնարավորինս շուտ հանդիպել  THALES-ի ղեկավարին և գլխավոր գործադիր տնօրենին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան այցի արդյունքներին՝ Փոլ Ռեմին նշեց, որ իր համար այս այցը ուսումնասիրություններ կատարելու առաքելություն էր, քանի որ երկար ժամանակ է ինչ չէր եղել Հայաստանում: 

«Այցի ողջ նպատակն ինձ համար բոլոր փորձերն ու վենչուրներն ուսումնասիրելն էր: Ես նկատեցի, որ էկո համակարգերի շատ ընկերություններ կան, որոնք բավականին ակտիվ են, շատ կազմակերպություններ կան, որոնք մասնագիտացված են նկարների և տեսահոլովակների ուղղությամբ: Ես տեսա նաև կազմակերպություններ, որոնք ներդրումներ են իրականացնում»,- նշեց Ռեմին և ավելացրեց, որ այս ամենը դրական միտումներ ունի:

Առաջիկա համագործակցության վերաբերյալ THALES-ի փոխտնօրենն ընդգծեց, որ ինքը պետք է հավաքի ամբողջ ինֆորմացիան և քննարկի իր գործընկերների հետ:

«Մենք պետք է բիզնես մոդելներ գտնենք, բացահայտենք ծրագրերը, ապա դրա համար պետք է թիմ հավաքենք: Իմ պարտքն է՝ գտնել թիմ, մարդկանց, ովքեր պատրաստ են գալ և ուսումնասիրել բիզնեսի հնարավորությունները՝ Հայաստանի հնարավոր գործընկերների հետ»,- ասաց Ռեմին և հավելեց, որ դեռևս շուտ է խոսել իրենց որոշումների մասին:

Խոսելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին և ՀՀ կառավարությունից ակնկալիքների վերաբերյալ՝ Փոլ Ռեմին ընդգծեց, որ Ավինյանը լիակատար աջակցությունն է հայտնել իրենց:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախորդ ամիսներին մի շարք հանդիպումներ է ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ, ինչպես նաև այցելել ընկերության թվային արտադրամաս: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվար ամսին՝ Փարիզում, որտեղ նախագահ Սարգսյանը ընկերության պատվիրակության ղեկավար կազմի, մասնավորապես THALES-ի փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ քննարկումներ է ունեցել նախապես ձեռքբերված պայմանավորվածություններն արդեն Հայաստանում գործնական հիմքերի վրա դնելու վերաբերյալ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am