Հագեցած օրակարգ՝ կարևոր շեշտադրումներով. իրանագետի անդրադարձը Փաշինյանի Իրան կատարած այցին

Armenpress 13:58, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Իրան հագեցած օրակարգով էր և առանձնանում էր կարևոր շեշտադրումներով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Այցը բավական կարևոր է հայ-իրանական հարաբերությունների զարգացման, նոր ուղղություններ գտնելու առումով: Առանձնացնեմ Նիկոլ Փաշինյանի և Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպումը: Ասեմ, միշտ չէ, որ Իրանի հոգևոր առաջնորդն ընդունում է օտարերկրյա ներկայացուցիչներին: Հանդիպմանն ընդգծվեց, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանն ու Իրանը շարունակելու են մնալ բարեկամ երկրներ: Սա խիստ կարևոր արձագանք էր: Պետք է նշեմ, որ իրանական առաջատար մամուլը շատ լավ է անդրադարձել ՀՀ վարչապետի այցին»,- ասաց Գոհար Իսկանդարյանը:

Իրանագետն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահի հանդիպմանը՝ առանձնացնելով մի քանի կարևոր շեշտադրումներ: Մասնավորապես, Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ծրագիրը և նշել, որ իրենք պատրաստ են աջակցություն ցուցաբերել: Խոսվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցումն արագացնելու, երկու երկրների ապրանքաշրջանառությունն ավելացնելու, գյուղատնտեսական ոլորտում համագործակցելու մասին, առանձնացվել են զբոսաշրջության ոլորտ զարգացնելուն ուղղված հարցերը և այլն:  

«Շատ կարևոր դիտարկումներ եղան էներգետիկ ոլորտի վերաբերյալ: Իրանը նշեց, որ կարող են ավելի շատ գազ մատակարարել Հայաստանին, խոսվեց նաև տարանցիկության մասին: Այսինքն՝ Հայաստանով Վրաստանին կարող ենք գազ մատակարարել: Այս հայտարարությունը պատահական չէ, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, թեմայի վերաբերյալ որոշակի քննարկումներ եղել են Վրաստանի, Ռուսաստանի հետ»,- ասաց Գոհար Իսկանդարյանը: Ներկայում, ըստ իրանագետի, Հայաստանի դիվանագիտական հատվածը պետք է ակտիվ աշխատի Վրաստանի, Ռուսաստանի ուղղությամբ, որ այս ծրագրերը օր առաջ հնարավոր լինի կյանքի կոչել:

Իրանագետը նշեց, որ պետք է նաև Իրանի բիզնեսի հետ ամենօրյա աշխատանք տարվի: Իրանում Հայաստանի դեսպանատունն այդ ուղղությամբ աշխատում է, սակայն ցանկալի արդյունքի համար անհրաժեշտ է ավելի ակտիվ գործել:

Գոհար Իսկանդարյանը նշեց, որ միգուցե երկու երկրների բիզնեսի միջև կա լեզվական խնդիր, սակայն դա տեխնիկական հարց է և լուծելի, եթե կա քաղաքական կամք: Ե՛վ Իրանի նախագահը, և՛ Հայաստանի վարչապետն իրենց խոսքում նշեցին, որ ունեն քաղաքական կամք՝ առաջացած հարցերը կարգավորելու համար:

Գոհար Իսկանդարյանն առանձնացրեց նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը հայ համայնքի հետ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե մի խումբ կուսակցականների կամ մասնագետների, այլ մեծ թվով իրանահայերի հետ, ինչը գնահատվեց հենց համայնքի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am