1000х90.jpg (78 KB)

Սամվել Բաբայանը հանվել է Ստեփանակերտի հաշվառումից սեփական դիմումի համաձայն. ԱՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել

Armenpress 16:47, 26 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է տարածել  իրեն քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ Սամվել Բաբայանի արած հայտարարության առնչությամբ: Ինչպես  տեղեկացնում «Արմենպրես»-ը, ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և  լրատվության ծառայության պարզաբանման մեջ նշված է, որ Սամվել Անդրանիկի Բաբայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում վերահաշվառելու վերաբերյալ Սամվել Բաբայանի լիազորված անձի դիմումին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է գրավոր պատասխան:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն լիազոր մարմինը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար:  Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

Քանի որ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի շենք 19 բնակարան 10 հասցեի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար  և նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21 բնակարան 3 հասցեում, ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում:

Ելնելով վերոգրյալից, Սամվել Անդրանիկի Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառվելու համար:Արցախի Հանրապետությունում հաշվառվելու դեպքում նա վերոհիշյալ օրենսգրքի ուժով կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում»,- նշված է պարզաբանման մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am