Վենեսուելան փակել է Կոլումբիայի հետ սահմանին գտնվող երեք կամուրջները

Armenpress 11:39, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանությունները որոշում են կայացրել՝ փակել դեպի Կոլումբիա տանող երեք կամրջային անցումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:

Վենեսուելայի ընդդիմությունը մտադիր է փետրվարի 23-ից սկսել հումանիտար օգնության մատակարարումը երկիր: Ռոդրիգեսը խոստացել է վերոնշյալ անցումներով վերականգնել հաղորդակցությունը, երբ դադարեցվեն Վելեսուելայի դեմ «կոպիտ բռնի գործողությունները»:

«Կոլումբիայի նախագահ Իվան Դուկայից պահանջում ենք հարգանք միջազգային օրենսդրության տարրական նորմերի հանդեպ, որպեսզի նա դադարեցնի իր զազրելի գործողությունները և իր երկրի տարածքը չտրամադրի  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ վենեսուելացիների խաղաղ ու ինքնիշխան ապրելու իրավունքի դեմ գործողությունների համար»,- նշել է նա:

Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը մտադիր չէ թույլատրել հումանիտար օգնության մուտքը Վենեսուելա: Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am