Մարտունու մշակույթի տանը ներկայացվեց քաղաքային գրադարանի արդիականացման նախագիծը

Armenpress 19:55, 22 Փետրվար, 2019

ԳԱՎԱՌ 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում կայացավ «Արտիսիմո» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Լուսե տանիք» նախագծի էսքիզային փուլի ներկայացումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Մարտունու կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, «Հայ բարեգործական ընդհանուր միության» «ՔՀ կամուրջ» ծրագրի, «Երեւան իմ սեր», «Իմ քայլը» հիմնադրամների ներկայացուցիչներ, ընթերցասերներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ինչպես բացման խոսքում ներկայացրեց «Արտիսիմո» ՀԿ համահիմնադիր Էկա Հորստկան, «Լուսե տանիքը» Մարտունի քաղաքի հանրային գրադարանի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրն է, որի արդյունքում կստեղծվի ժամանակակից գրադարան՝ համակարգչային, աուդիո, ստեղծագործական, ժամանցային սենյակներով, որոնք հասանելի կլինեն նաեւ տարբեր կարողություններով անձանց ու գրավիչ՝ զբոսաշրջիկների համար: «Նախագիծը հետեւելու է հնի պահպանման ու նորի ստեղծման սկզբունքին եւ նպատակ ունի՝ բարձրացնել անձի մշակութային գիտակցությունը: Մարտունու համայնքապետարանի գործակցության եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցության շնորհիվ «Լուսե տանիքը» կնպաստի տեղի բնակչության հատկապես խոցելի մասի եւ կանանց զբաղվածության հարցի լուծմանը:Նախագծի իրականացման շուրջ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել «Երեւան իմ սեր» եւ «Իմ քայլը» հիմնադրամները: Ներկա պահին Մարտունի քաղաքի գրադարանը, որտեղ պահվում է 85 հազար կտոր գիրք, գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Պահոցներն ապահովված չեն գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով: Մեր նախագծի իրականացման արդյունքում Մարտունի քաղաքը կունենա ամենաժամանակակից պայմաններով հագեցած գրադարան»,-ներկայացրեց Էկա Հորստկան: Ճարտարապետ Հակոբ Մանսուրյանը ներկայացրեց «Լուսե տանիք» ծրագրի նախագիծը, որի իրականացմամբ Մարտունի քաղաքի մշակութային կյանքը ձեռք է բերում նոր թարմություն ու աշխուժություն, նոր ճանաչում ու զարգացման հնարավորություններ: «Այս նույն շենքի տարածքում, որտեղ գտնվում ենք մենք, նախագծի իրականացման արդյունքում ունենալու ենք արդիականացված գրադարան՝ ընդհանուր, գիտական, մանկական, արտասահմանյան գրականության բաժիններով, ձայնադարանով ու ընթերցասրահով: Բազմաֆունկցիոնալ դահլիճը կծառայի իբրեւ համերգային եւ խորհրդակցությունների դահլիճ, կինոսրահ, ցուցասրահ, տարաբնույթ միջոցառումների անցկացման սրահ: Ստեղծագործական սենյակում կգործեն կիրառական արվեստի, նկարչական, թատերական, գրական, լրագրական, օտար լեզուների ուսուցման խմբակներ:

Ժամանցային սենյակը կունենա սրճարանային կառուցվածք, որտեղ կկազմակերպվեն ճանաչողական եւ ժամանցային միջոցառումներ: Այն լինելու է նաեւ ներառական, որտեղ կաշխատեն հաշմանդամություն ունեցող մարդիկ: Գրադարանի 15 աշխատակիցների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ»,-ներկայացրեց Հակոբ Մանսուրյանը: Այնուհետ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ «Արտիսմո» ՀԿ համահիմնադիր Էկա Հորստկան ստորագրեցին համագործակցության հուշագիր «Լուսե տանիք» նախագծի իրականացման շուրջ:

«Էկա Հորստկան արդեն նկատելի ավանդ է ներդրել Մարտունի քաղաքի արվեստի ու մշակույթի զարգացման գործում: Նրա հիմնադրած ,,Ոսկեփորիկ,, գեղագիտության զարգացման կենտրոն են հաճախում բազմաթիվ շնորհալի երեխաներ՝ ստանալով գեղագիտական կրթություն: Իսկ այս նախագծի իրականացմամբ մենք կունենանք ավելի նկատելի առաջընթաց: Մենք համատեղ ուժերով կանենք հնարավորը, որպեսզի Մարտունին դառնա ավելի գեղեցիկ, բարետես, մշակութային արժեքները պահպանող ու զարգացնող քաղաք: Հավատում եմ, որ մի գեղեցիկ օր էլ մենք կստորագրենք շինարարության ավարտի մասին փաստաթուղթը»,-նշեց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Ողջունելով ծրագիր-նախագիծը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր աջակցությունը նախագծի իրականացման հետ կապված խնդիրներում:«Ես շատ նպատակներ ու երազանքներ ունեմ՝ կապված մարզի զարգացման ու առաջընթացի հետ: Այսօրվա նախագիծը եւս տեղավորվում է այդ նպատակների շրջանակներում, եւ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստ է ամենալայն աջակցության ցուցաբերմանը եւ համագործակված աշխատանքին, ու մենք ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի կյանքի կոչվի այս ծրագիրը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: Միջոցառման մասնակիցներին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» գեղագիտական կենտրոնի «Լապտերներ» նախագծի երաժիշտները: Ցուցադրվեցին նաեւ «Լապտերների» եւ Մարտունու արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքները:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am