Բերդ քաղաքի ավագ դպրոցում անգլերենի ակումբ է բացվել  

Armenpress 19:31, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագ դպրոցում փետրվարի 22-ին բացվել է անգլերենի ակումբ, ուր կհաճախի 60 աշակերտ: Ծրագիրը, որի շրջանակում ամբողջապես վերանորոգվել և կահավորվել է երկու դասասենյակ, իրականացնում է Հայաստանում Բրիտանական խորհուրդը, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ գիտության և կրթության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Տավուշի փոխմարզպետը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը շնորհավորել է ներկաներին՝ Բերդում անգլերենի ակումբ բացելու կապակցությամբ: «Ոգևորված ենք անգլերենի ակումբների բացմամբ և ընդլայնմամբ: Շատ ուրախ եմ, որ այս հեռավոր ու գողտրիկ բնակավայրում այսօր բացվում է անգլերենի ակումբ, որովհետև այն աշակերտներին և անգլերեն դասավանդող ուսուցիչներին հնարավորություն կտա ոչ թե լքել Բերդը, այլ այն շենացնել: Բոլորս հասկանում ենք, որ այսօր լեզուն ոչ թե նպատակ է, այլ գործիք, որի միջոցով մենք առավել զարգացնում ենք գիտելիքները, ձեռքբերում նոր հմտություններ՝ դրանցով մեր ընտանիքի, հարազատների, մեր բնակավայրի, մարզի և պետության համար դառնալով կարևոր մարդ և զարգացնելով այն: Հետաքրքիր է նաև, որ ակումբների շրջանակում դասավանդվում է ոչ թե լեզու, այլ հմտություն»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ այս համատեքստում կարևորելով բանակցային հմտությունները:

Փոխնախարարը բարձր է գնահատել նաև Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող վերապատրաստումները: «Ուրախ եմ, որ վերապատրաստումները սահմանափակվում են ոչ թե կարճ դասընթացներով, այլ անընդհատ աշխատանք է տարվում ուսուցիչների հետ: Բարեփոխումների ճանապարհին մենք ունենք երեք կարևոր գործընկեր՝ աշակերտը, որը պետք է գիտակցի գիտելիքի կարևորությունը: Մեր մյուս գործընկերները ծնողներն են, որոնք պետք է ճիշտ կամուրջ ստեղծեն ուսուցչի և աշակերտի միջև: Եվ, իհարկե, շատ կարևոր են ուսուցիչները և դպրոցի ղեկավար անձնակազմը՝ առանց որոնց հետ համագործակցելու և նրանց կարևորությունն ընդգծելու, որևէ բարեփոխում իրականություն չի դառնա: Կարծում եմ, որ անգլերենի այս ակումբը կդառնա փոքրիկ, բայց տարածվող լույս՝ դպրոցի և Բերդի կյանքում և կընդգրկի ոչ միայն այս, այլ հարևան բնակավայրերի բնակչությանը: Ձեր համայնքը կկարողանա ապացուցել, որ իսկապես պետք է տալ մի փոքրիկ շիվ, որը մեր սիրո և ջերմության միջոցով հնարավոր է դարձնել մեծ ծառ»,- ընդգծել է փոխնախարարը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև «Բրիտանական խորհուրդ Հայաստան»-ի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում բազմաթիվ ակումբեր են բացվել ՀՀ տարբեր մարզերում: «Ես շատ հուզված եմ և ոգևորված` տեսնելով ինչպիսի պայծառ երիտասարդություն և ապագա ունենք: Բերդն ամենահեռավոր քաղաքն է Տավուշում, որտեղ մենք բացում ենք  անգլերենի ակումբ, և որին մենք անհամբեր սպասում էինք: Հեռու բնակավայրերում, որտեղ բացվում են այս ակումբները, առավել ակնհայտ է դառնում դրանց անհրաժեշտությունը: Այստեղ ավելի մեծ է ցանկությունը սովորելու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռքբերելու, որը մենք սիրով տրամադրում ենք»,- նշել է նա:

Ծրագիրը նախատեսում է աջակցել հեռավոր համայնքներում երիտասարդների անգլերենի, ինչպես նաև բանակցելու և երկխոսելու հմտությունների զարգացմանը, նպաստել նրանց աշխատանք գտնելու հեռանկարներին իրենց համայնքներում: Հայաստանում ծրագրի ներկա փուլը նախատեսում է անգլերենի ակումբների ստեղծում նաև Ջերմուկ և Վայք քաղաքների ավագ դպրոցներում: Անգլերենի ակումբները համալրված են անհրաժեշտ ուսումնական, դասավանդման ռեսուրսներով և համակարգչային տեխնիկայով: Բացի այդ, կիրառվում է նորագույն տեխնոլոգիա, որը հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին ձայնագրել (տեսանկարահանել( իրենց դասընթացները և Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից կարծիք ստանալ դրանց վերաբերյալ:

Դասընթացները կվարեն վերապատրաստում անցած ուսուցիչները, որոնք կստեղծեն սովորելու արդյունավետությանը նպաստող, 21-րդ դարի կրթական պահանջներին համապատասխան միջավայր: Անգլերենի ակումբներն աշակերտներին կառաջարկեն հետևյալ անվճար արտադասարանային պարապմունքները՝ անգլերենը հաղորդակցության համար, ինչպես նաև քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտությունների դասընթաց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am