Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է

Armenpress 17:39, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն: Մասնավորապես, 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ: Ընդհանուր առմամբ գնի բարձրացումը կազմել է  10 դրամ՝ 1 լիտրի հաշվով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ  ՏՄՊՊՀ  նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ դեռևս տարեսկզբից բենզինի շուկայում արձանագրվել էր գնային փոփոխություն՝ նվազման ուղղությամբ: Գնի շարունակական նվազումը կազմել էր  50 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Վերոնշյալ փոփոխությունների պատճառը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը դեռևս հունվարից լայնածավալ ուսումնասիրություն է սկսել այս շուկայում, որը դեռևս ընթացքի մեջ է: Այն ներառում է ներմուծումից մինչև իրացում գնագոյացման ողջ շղթան, ինչպես նաև շուկայի կառուցվածքի ուսումնասիրությունը: Երեկ արձանագրված գնային բարձրացումը ևս կներառվի և կդիտարկվի ընթացիկ ուսումնասիրության շրջանակում:  

«Նշենք, որ Հանձնաժողովը մշտապես վերահսկողություն է իրականացնում այս շուկայում, ինչը պայմանավորված է խոշոր տնտեսվարողների առկայությամբ: Բենզինի ներկրման և իրացման ոլորտում խոշոր ընկերություններ են հանդիսանում «Ֆլեշ» և «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունները: Հանձնաժողովը շարունակում է հետևել վերջիններիս գործունեությանը և մրցակցային հնարավոր խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: Առաջիկայում, բենզինի շուկայի ամբողջական ուսումնասիրության ավարտին արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»,-նշեց Գայանե Սահակյանը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am