«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը Սիրիայում հանդիպել է հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների հետ

Armenpress 16:46, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա կատարած այցի ընթացքում այցելել է մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Սիրիայում գտնվելու ընթացքում Ռուբեն Առաքելյանը այցելել է մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: Նախկին դպրոցի շենքը, որտեղ նրանք տեղակայվել են, վերանորոգված է, կահավորված, առկա են անհրաժեշտ կենցաղային պայմանները: Ինչպես բժիշկները, այնպես էլ ականազերծողներն առօրյա ռեժիմով իրականացնում են իրենց գործառույթներից բխող աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում:

ՊՈԱԿ-ի տնօրենը հանդիպումներ է ունեցել նախկին պետական պաշտոնյա, հասարակական-քաղաքական գործիչ դոկտոր Յահիա Ավեյդայի և Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջավեդիի հետ: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am