Ucom-ի և «Դասավանդիր, Հայաստան»-ի ղեկավարները մասնակցել են «Տեխնոլոգիաները հանուն կրթության» քննարկմանը

Armenpress 14:13, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովաննիսյանը  փետրվարի 19-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում զրույց են անցկացրել «Տեխնոլոգիաները հանուն կրթության» խորագրի ներքո։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից, բանախոսները կիսվել են կրթության մեջ և աշխատանքում կիրառվող տեխնոլոգիաների կարևորության, ժամանակին համընթաց քայլելու և աշխատանքն ու կրթության գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու իրենց փորձով։ Քննարկմանը մասնակցել են հարյուրից ավելի երիտասարդներ, ապագա և գործող ստարտափերներ, ուսանողներ, տեխնիկական ու կրթական ոլորտների փորձագետներ։

«Ստարտափ հիմնելու համար պետք է ունենալ գաղափար, որին ոչ ոք չի հավատում, և ջանասիրաբար անել ամեն ինչ, որ այն իրականանա», - իր փորձով է կիսվել Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Շատ կարևոր է թիմը, որի հետ աշխատում ես՝ նույն ուղղությամբ նայելու, իրար մտքերը և ասելիքը ճշգրիտ հասկանալու, նույն կրթական մակարդակում գտնվելու, ինքնակրթվելու, փոփոխվող միջավայրում արագ կողմնորոշվելու կարողություններով օժտված, լավ իմաստով «գժերի» թիմը», - անկեղծացել է նա։

«Կրթական ոլորտը  տարբեր է իր սպեցիֆիկայով՝ այստեղ շատ բաներ պահանջում են ավելի համակարգային մոտեցում։ Բայց այս մի քանի տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ որքան նորարար եւ տեխնոլոգիաներով հագեցած լինեն մեր գործողությունները, այնքան արագ մենք կկարողանանք հասնել աշխարհի սրընթաց զարգացմանը։ Մեր երեխաներին պետք է հենց դպրոցից սովորեցնել ինչպես կիրառել տեխնոլոգիները հանուն կրթական գերազանցության, որ աղբյուրներից օգտվել, ինչպես մասնագիտական ու այլ օգտակար գրականություն որոնել», - նշել է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովաննիսյանը։  

Զրույցների այդ շարքը մեկնարկել էր դեռ նախորդ տարի՝ մարզային դպրոցներ այցելությունների ժամանակ և շարունակական բնույթ է ունենալու։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am