ՃՇՀԱՀ-ը և «Արարատբանկ»-ը համագործակցության հուշագիր են կնքել

Armenpress 19:58, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  (ՃՇՀԱՀ)  ռեկտոր Գագիկ Գալստյանը և «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը  համալսարանում կնքել են համագործակցության հուշագիր։

«Այս կյանքի մեծ բանալին գիտելիքն է»,- հուշագրի ստորագրումից հետո, կարևորելով մասնավոր հատված-բուհ համագործակցությունը կրթական ծրագրերում, ասել է «Արարատբանկի» գործադիր տնօրենը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, հուշագրի համաձայն՝ համալսարանի տնտեսագիտության, հաշվապահական հաշվառում և հարկում, անշարժ գույքի  փորձաքննություն կրթական ծրագրերը կկատարելագործվեն։ «Արարատբանկը» և ՃՇՀԱՀ-ը համատեղ կմշակեն կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ, գիտաժողովներ, սեմինարներ, վերապատրաստման դասեր և բաց դռների օրեր՝ բանկի աշխատանքներն ու գործառույթները ներկայացնելու նպատակով։

«Այս համագործակցությունը էականորեն կնպաստի ուսանողների մասնագիտական աճին և հետագայում հնարավորություն կտա նրանց ներգրավվել երկրի տնտեսության և շինարարության հարցերի մեջ»,- իր խոսքում նշեց ՃՇՀԱՀ-ի  ռեկտոր Գագիկ Գալստյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am