1000х90.jpg (78 KB)

ՏՏ ոլորտը լոկոմոտիվ ու ներդրումների համար գրավիչ. մասնագետների ակնկալիքները Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից

Armenpress 09:25, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները ողջունում են Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը և նշում, որ այն լուրջ օղակ կարող է լինել ոլորտն առավել համակարգված դարձնելու, այն առաջմղելու գործում: 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս նախարարությունը վաղուց պետք է ստեղծվեր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համայնքն այդ պահանջը ներկայացրել էր տարիներ առաջ:

«Դեռ տարիներ առաջ ոլորտում ստորագրահավաք անցկացվեց նման նախարարություն ստեղծելու հետ կապված: Այն հիմա է ձևավորվում, և մենք ողջունում ենք այդ նոր կառույցի ստեղծումը: Ես կարծում եմ, որ նոր նախարարության հիմնական խնդիրներից պետք է լինի նախ ՏՏ արտադրանքի հետ կապված պետական կարիքներն ապահովելը, էլեկտրոնային կառավարման և այլ հարցերով պայմանավորված դառնա հիմնական դերակատար»,-ասաց  Կարեն Վարդանյանը: Երկրորդ խնդիրն, ըստ նրա, նորարական մոտեցումների համար ենթակառուցվածքներ ստեղծելն է՝ տեխնոպարկեր, ինկուբատորներ և այլն: Կարևոր է, նաև այն, որ նախարարությունը համակարգի բիզնեսին միասնական տեխնոլոգիական բրենդով միջազգային շուկայում հանդես գալու աշխատանքը:

Կարեն Վարդանյանն առաջնային է համարում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում քաղաքականության մշակումը, ընթացակարգերի հստակեցումը, օրենսդրական դաշտի պարզեցումը և այլն: Նա վստահ է, որ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը կարող է լինել հանդիպման վայր, կապող օղակ կառավարության ու ՏՏ ոլորտի բիզնեսի, մասնագետների համար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով, քանի որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպում կար, որ երկիրը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական, ապա այստեղ հարց էր առաջանում, թե որ կառույցը պետք է դրա համար պատասխանատու լինի, ինչ ռեսուրսներով և այլն:

«Ես կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ լրիվ տեղավորվում է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության առկայությունը: Եթե հիշում եք տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի կողմից տարիներով հարց էր բարձրացվում, որ եթե երկիրը տնտեսության գերակա ճյուղ է հռչակում ՏՏ-ն, ապա պետք է մի առանձին կառույց ստեղծվի: Կարծես, թե մենք դրա կիսով չափ լուծումը տեսանք նախորդ կառավարության ժամանակ, երբ Տրանսպորտի և կապի նախարարությանը կցվեց տեղեկատվական տեխնոլոգիաներ բառակապակցությունը, բայց  իրականում բովանդակային առումով դա անհնար էր իրականացնել, որովհետև նախարարության ղեկավարությունն ավելի շատ զբաղված էր տրանսպորտային  հարցերով, ճանապարհային խնդիրներով, և տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում մենք որևէ փոփոխություն չզգացինք, և դա օբյեկտիվ պատճառներով: Այսինքն՝ անհրաժեշտ էր պետական կառույց, որի գործառույթը պետք է լիներ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը»,-ասաց Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ թվայնացման, ինչպես նա ռազմարդյունաբերության խնդիրները, անմիջապես կապված են բարձր տեխնոլոգիաների, ինժեներական մասնագիտությունների, գիտահետազոտական նոր կենտրոնների ստեղծման հետ:

Նոր նախարարության հիմնական խնդիրը, ըստ Հովիկ Մուսայելյանի, պետք է լինի բարձր տեխնոլոգիական գործունեության համար միջավայր ստեղծելը: Այսինքն՝ ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ օտարերկրյա վենչուրային հիմնադրամները, տարբեր կազմակերպությունները շահագրգռված կլինեն գալ Հայաստան:

«Պետք է այնպիսի խաղի կանոններ ստեղծվեն, այնպիսի բիզնես միջավայր ձևավորվի, որ բարձր տեխնոլոգիական տարբեր ընկերություններ իրենց հարմարավետ զգան Հայաստանում: Ոչ միայն նրանք, որոնք առկա են, այսօր գործում են, այլև նրանք, որոնք շատ զգուշավոր են նոր աշխարհագրական տեղանքներ ընտրելու առումով, բայց նաև վերջին ժամանակներում ուշի ուշով հետևում են, թե Հայաստանում ինչ ռեսուրսներ կան նման բիզնես սկսելու առումով»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:

Ինչ վերաբերում է կադրերի պատրաստման հարցին, ապա Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այդ խնդիրն ավելի շատ մասնավոր հատվածի և համալսարանների վրա է դրված, բայց կարծում է, որ առաջատարության, գաղափարները գեներացնելու առումով, կամուրջ հանդիսանալու տեսանկյունից այդ կառույցը կարող է լուրջ դեր ունենալ: Նա նշեց, որ ինժեներական մասնագիտությունների գծով որակյալ կադրերի պատրաստման առումով պոլիտեխնիկական համալսարանն իր լուրջ առաքելությունն ունի: Առաջիկայում կարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեն որակական արդյունքների:

«Մենք միշտ ասել ենք, որ ՏՏ-ն պետք է լինի լոկոմոտիվ և որպես գործիք օգտագործվի տնտեսության բոլոր ոլորտներում: Այստեղ խնդիր է նաև այն, թե ինչ ռեսուրսներով է նախարարությունն այդ ամենն իրագործելու: Այսօր, հանձին նախարարի (ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան- խմբ.), մենք ունենք համախոհ, որը բավական լավ է պատկերացնում խնդիրները, բայց ի՞նչ թիմով է հանդես  գալու, ինչպե՞ս են ընտրվելու այդ կադրերը, ինչպե՞ս են վարձատրվելու, որովհետև գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտի մասնագետները բավական բարձր են վարձատրվում, իսկ պետական կառույցներում աշխատավարձը ցածր է»,-հավելեց Հովիկ Մուսայելյանը:

Նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները՝ Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն,  Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am